Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ս.թ. հոկտեմբերի 20-ին հանդիպեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին և նվիրաբերեց մոտ 132.000 ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագիր:
Այս նվիրաբերությունը, որը ներառում է 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 CISCO ցանցային սարք, և Acrobat Adobe Pro ծրագրի լիցենզիաներ, կօգնի ստեղծել քրեական գործերի վարման նոր համակարգ Հայաստանում՝ թույլ տալով թվայնացնել քրեական գործերը նպաստել քննչական գործողությունների արդյունավետությանը և բարելավել փաստաթղթաշրջանառությունը տարբեր ստորաբաժանումների միջև: Բացի այդ, նվիրաբերված սարքավորումները թույլ կտան բարելավել կապը ոստիկանության տվյալների բազաների հետ:
Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը՝ ԱՄՆ դեսպանությունը սատարում է Քննչական կոմիտեին քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդման հարցում՝ արհեստավարժության և անկախության մեծացման միջոցով:
«Դեռևս 2015թ. փետրվար-մարտ ամիսներից քրեական գործերի թվայնացումը՝ որպես փորձարարական ծրագիր, ներդրվել է քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում՝ Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում: Թվայնացվել է 458 քրեական գործ, դատավարության մասնակիցներին քրեական գործերի նյութերը տրամադրվել են լազերային սկավառակով, որոնց ընդհանուր քանակը կազմել է 35.108 թերթ, ինչը նաև զգալի ֆինանսական խնայողություն է՝ տարեկան շուրջ 60-70 մլն դրամի չափով։
Բացի ֆինանսական կողմից, քրեական գործերի թվայնացումը նախաքննության ընթացքում հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել մարդկային, ժամանակային և այլ ռեսուրսները, լրջորեն կկրճատի կոռուպցիոն ռիսկերը»,- նշեց ՀՀ ՔԿ նախագահը՝ ավելացնելով, որ «դեսպանատան աջակցությամբ, Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում և ստորաբաժանումներում արդեն 2016 թվականից նախատեսվում է ներդնել քրեական գործերի թվայնացման ծրագիրը, և մոտ ապագայում կունենանք Կոմիտեի կենտրոնական մարմինը տարածքային մարմինների ու ստորաբաժանումների հետ կապող ներքին ցանց»:
«Գործերի թվայնացմամբ ձևավորվում է կայուն գործավարություն, դա օգնում է իրավապահներին ապահովել տվյալների ճշգրտությունը, թույլ է տալիս, որ գործերը հեշտությամբ հասանելի լինեն դատախազների ու փաստաբանների համար, - ասաց դեսպան Միլսը, - կարճ ասած, գործերի թվայնացմամբ Քննչական կոմիտեն ձևավորում է առավել թափանցիկ համակարգ և մեծացնում է հանրային վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Ես ողջունում են հաշվետվողականության մեծացման ու կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով իրավապահ համակարգի արդիականացմանն ուղղված Քննչական կոմիտեի նախաձեռնությունը»:
Այս նվիրատվությունը մաս է կազմում ԱՄՆ Կառավարության կողմից իրավապահ մարմիններին ցուցաբերվող աջակցության ծրագրի, որն ուղղված է Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացման և առավել արդարացի ու թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը:
ՀՀ Քննչական կոմիտեի համար իրականացված օժանդակության այլ ծրագրերից նշենք վերջերս կայացած ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որի շրջանակում մի խումբ քննիչներ ծանոթացան իրավապահ մարմինների կողմից իրականացվող ընտանեկան բռնության գործերի քննության հարցերին: Բացի այդ, Դեսպանության աջակցությամբ իրականացվում է անգլերենի ուսուցման դասընթացը, որին մասնակցում է մոտ 50 քննիչ:
ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտավորապես 1,5 միլիոն ԱՄՆ դոլար:
«Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում: Վստահ եմ՝ բոլորդ կհամաձայնեք, որ սա հնարավոր չի լինի առանց ամուր արդարադատության համակարգի, որն ապահովում է իրավունքի գերակայությունը և արդարադատության թափանցիկ հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար, - ասաց դեսպան Միլսը, - Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել ՀՀ կառավարության հետ ձևավորելու արդարադատության ամուր, թափանցիկ և հաշվետու համակարգ»:
ԱՄՆ դեսպանատան կողմից ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած աջակցության համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով դեսպան Միլսը պարգևատրվել է «Համագործակցության մեդալ»-ով, իսկ դեսպանատան աշխատակիցները՝ հուշանվերներով: