Վերջերս մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի սնանկացումը և դրան հաջորդող իրադարձությունները: Շատերին է հետաքրքրում թե ինչո՞ւ պատժվեց ՀՀԿ-ական պատգամավորը: Այս մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ: 

- Ամեն ինչի մեջ դավադրություն ենք որոնում... ինչ-որ մեկը սարքեց, բայց կա նաև մրցակցություն. եթե Աղաբաբյանի տոնավաճառում ամեն ինչ կարգին լիներ, մարդիկ կգնայի՞ն Ծառուկյանի մոտ: Կապիտալը հոսում է այնտեղ, որտեղ աշխատանքի հարմար տեղ է գտնում:

Ժողովուրդը դժգոհ էր, թանկացում էր և այլն... էն մեկն էլ ասեց՝ ես բիզնեսմեն եմ, ձեզ հնարավորություն եմ տալիս, եկեք աշխատեք, և մարդիկ գնացին աշխատելու: Հիմա դա Աղաբաբյանին ի՞նչ կցուցանե. շահագործիր, բայց չափդ մի անցկացրու: Չափը կանցնես, գործատու ես, մի ուրիշ գործատու կգա ու մարդիկ կգնան այնտեղ, որտեղ նրանց շահավետ է: Եթե շահավետ չլիներ կգնայի՞ն:

Մոնոպոլ վիճակը մահացու է. մենակ ես եմ, ինչ կուզեմ կանեմ: Ինքը տեսավ, որ մենակ ինքը չէ: Ես դավադրություններ չեմ որոնում՝ բիզնեսը գտավ հարմար տեղ, բիզնեսը իր հնարավորությունները օգտագործեց: Թող լավ պահեր իրեն, աշխատանքի պայմանները լավացներ մարդիկ չէին գնա:

Խոսակցություններ կային, որ տոնավաճառի աշխատակիցներին վախեցրել են:

Իսկ Աղաբաբյանը ինքը վախեցնող չի՞: Ինքը սկանդալային պատմություններ չունի՞ մինչ այս:

Գիտեք, այսպիսի բան կա. քաղաքականության մեջ բիզնեսմեններ չպետք է լինեն: Երբ դուրս գան քաղաքականությունից, մենք կհասկանանք դավադրությո՞ւն է, թե՞ ոչ:
Սա հո ամուսնությո՞ւն չէ, մարդիկ ամուսնացան կրակն ընկան:

Արդարությունից այնպիսի մարդիկ են խոսում, որ... իրենք արդա՞ր են պատգամավոր դարձել: Երբ մոնոպոլ է, մարդիկ խեղդված աշխատում են: Այստեղ պատուհանից մի փոքրիկ լույս երևաց, մարդիկ գնացին այնտեղ, իսկ լույսը արևի լույս էր, թե լուսարձակի՝ կարևոր չէ: Թող սովորեն քաղաքակիրթ բիզնես կազմակերպել: Այսպիսին էլ համաշխարհային մրցակցությունն է, եթե Հայաստանը իրեն կարգի չբերի դուրս կթռնի՝ Աղաբաբյանի նման: Բիզնեսը սիրում է մաքրություն, ազնվություն և մրցակցություն, իսկ քաղաքականություն՝ նվիրվածություն, գիշեր-ցերեկ մտածել և աշխատել: