Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան ոդիսականը... Նկարում` Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռն է, ստեղծման տարեթիվը` 1312: Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցը ներկայումս պահվում է Կանադայում, մասնավոր մի հավաքածուում: Աներևակայելի արկածային ժանրի մի ֆիլմի է նման Մշո Սուրբ Կարապետի դռան հայտնաբերելու իրական պատմությունը, որի մասին մանրամասն նկարագրած ունի իր հուշապատումում ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Փաստացի դուռը հայտնաբերել է Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերը 1976 թվականին: Նա գնել է այդ դուռը իր թուրք հարեւանից, որն էլ իր հերթին, դրանից մեկ տարի առաջ հանգամանքների բերումով գտնվելով Մուշի քրդաբնակ հեռավոր գյուղերից մեկում, անսպասելի գտել ու մեծ դժվարություններով տեղափոխել է այդ դուռը Ստամբուլ:
Ռիխտերը Թուրքիայում գերմանական դեսպանատանը ունեցած իր կապերի շնորհիվ կարողացել է այդ թանկարժեք և բացառիկ պատմական նմուշը հանել երկրից եւ տեղափոխել Ֆրանկֆուրտ, Գերմանիա, ու պահել իր տանը: Իսկ արվեստագետի մահից հետո արդեն, 1996 թ. Մշո Սուրբ Կարապետի դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի եւ գնվում ընդամենը 50 հազար դոլարով անհայտ մի անձի կողմից՝ հայտնի է միայն, որ նա ազգությամբ հայ չէ: Եվ դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված և գովազդված է եղել ու հայերը պետք է որ ամեն գնով ձեռք բերեին այդ իրենց համար սուրբ ու անգին գանձը:
Ահա այսպիսի անհավանական եւ տխուր պատմություն, կապված Մշո Սուրբ Կարապետ վանքի դռան հետ՝ «Գարուն» ամսագրից, 1997, թիվ 3: Ինչպես ասում էր ֆրանսիացի փիլիսոփա Լարոշֆուկոն. «Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր այն սխալները, որոնք հայտնի են միայն մեզ»:
Ռուբեն Շուխյան-Facebook