Կիևի «Դինամոն» կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայից՝ «Չելսիի» դեմ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Երեկ անգլիական մամուլում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես են մի խումբ երկրպագուներ «Օլիմպիականի» տրիբունաներում հարձակվում մի քանի սևամորթ հանդիսատեսի վրա՝ հենց հանդիպման ժամանակ:
FARE-ի (Football Against Racism in Europe) զեկույցի հիման վրա ՈՒԵՖԱ-ն արդեն հետաքննություն է սկսել:
Tribuna.com-ի հաղորդմամբ՝ հաշվի առնելով տեսանյութի, այլ տվյալների առկայությունը և «Դինամոյի»՝ վերջին շրջանում ստացած 2 պատիժները՝ տրիբունաներում նեոնացիզմ դրսևորելու համար («Բորդոյի» և «Էվերտոնի» դեմ խաղերում), կիևյան ակումբը կարող է ստանալ առավելագույն պատիժը՝ հեռացվել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանից:
Սակայն ավելի հավանական է միավորների հանումը: Ավելի նպաստավոր պատիժ ակումբի համար, եթե մեղավոր ճանաչվի, կլինի մեկ կամ մի քանի հանդիպումների անցկացումն առանց հանդիսատեսի: