Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների սպասելիքները:
Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:
ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:
Հանրապետության Նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը մեր երկրի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան և մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ Նախագահը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, վերահաստատեց իր և իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:
ՀՀ Նախագահն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին:



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					