Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Սարգիս Գաբրիելյանի գործի դատավարությունը:
Յուրացման եղանակով հափշտակություն կատարելու համար դատապարտված 35-ամյա Ս.Գաբրիելյանը իր պատիժը կրում է «Սևան» ՔԿՀ-ում:
Ըստ մեղադրանքի` 2012թ. ապրիլի 25-ին Ս.Գաբրիելյանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Վարդիթերի հետ: Այնուհետև հեռախոսային խոսակցությունների և հաղորդագրությունների միջոցով սպառնացել է նրան արատավորող տեղեկություններ հրապարակել, կայքում եղած նրա լուսանկարները նույն կայքում որպես նրա մերկ լուսանկարներ ցուցադրել, ազատության մեջ գտնվող իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրել, եթե չկատարվեն իր պահանջները:
Համաձայն Ս.Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքի` նա 2012թ. ապրիլի 29-ից մինչև մայիսի 10-ը Վարդիթերից մաս-մաս ստացել է ընդհանուր 364 հազար դրամ:
«Փաստորեն, քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների շրջանում այս հանցատեսակը դառնում է «մոդայիկ»,- նշում է «Ժամանակ» թերթը:


