Այսօր ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի առաջիկա ծրագիրը: Նիստը ընթանում էր բավական լարված մթնոլորտում: Ամենադժգոհը պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էր, ում չէին բավարարում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանները:

Քոքոբելյանը մասնավորապես ասում էր. «Ցույց տվեք գեթ մեկ ոլորտ, որտեղ միջամտել եք ու կարգավորել եք: Ժամկետանց դեղորայք կա, սննդամթերք կա: Խոսքը վերաբերում է լուրջ ոլորտի մասին: Ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջնում է, բայց Հայաստանում բարձրանում է, էլ չասած՝ բնական մենաշնորհների մասին: Օրինակ՝ գազի հետ կապված միջամտություն արե՞լ եք, առանցքային մի ոլորտ նշեք, որ հանձնաժողովը միջամտությամբ հարց է լուծել: Սպորտային հետաքրքրության համար գոնե մի հարց չի առաջանո՞ւմ, որ ուզենաք լուծել»:

Արտակ Շաբոյանը հակադրեց՝ իրենց գործառույթների մեջ պատգամավորի նշյալ հարցերի կարգավորումը չի մտնում:

Քոքոբելյանը կրկին զայրացավ, քանի որ չստացավ իր հարցի պատասխանը. «Դեմագոգիայով եք զբաղվում: Ես գիտեմ, որ ժամկետանցը ձեր գործառույթը չէ, սա դպրոց չէ, Ազգային ժողով է»:

Վեճը նմանատիպ ոճով շարունակվեց երկար...

Վերջում, Խաչատուր Քոքոբելյանը հավելեց, որ ինքը կարեկցանքով է մոտենում ՏՄՊՊՀ-ին: