Ռադիկուլիտը շատ աննկատ է ներթափանցում մարդու օրգանիզմ: Կարծես ամեն ինչ կարգին է, բայց հանկարծ մի անզգույշ շարժում ու... մեջքի կտրուկ ցավից հնարավոր է նույնիսկ անշարժանալ:

Սաստիկ ցավից ոչ հնարավոր է լինում ուղղվել, ոչ նստել: Այս հիվանդությունը սրացումներ է ունենում հատկապես սեզոնային փոփոխությունների ժամանակ, հատկապես` խոնավ եղանակին։

Ըստ վիճակագրության՝ ռադիկուլիտից տառապում է Երկրի բնակչության քառասուն տարեկանից բարձր յուրաքանչյուր ութերորդը: Բայց, ցավոք, վերջին տասնամյակում հիվանդությունը բավականին երիտասարդացել է: Այսօր ռադիկուլիտից տառապում են ոչ միայն տարեց թոշակառուները, այլ նաև բավականին երիտասարդ մարդիկ: Այս հիվանդությամբ հատկապես տառապում են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներն ու համակարգչի առջև երկար նստողները: Մեր ողնաշարում գտնվում է ողնուղեղը, որտեղից սկիզբ են առնում այն բոլոր նյարդերը, որոնցով էլ պայմանավորված է մեր օրգանիզմի համաձայնեցված աշխատանքը: Եթե այդ նյարդերից վնասվում կամ բորբոքվում են` առաջանում է ռադիկուլիտ: Չնայած մինչ այսօր բժիշկները չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ ռադիկուլիտի առաջացման պատճառի մասին:

19-րդ դարի սկզբին բժիշկները գտնում էին, որ ռադիկուլիտի պատճառը նյարդային արմատիկի բորբոքումն է: 20-րդ դարի սկզբին մասնագետները գտնում էին, որ ռադիկուլիտի առաջացման պատճառը միջողային ճողվածքներն ու կռճիկային մասերի քայքայումն է: Հենց դրանք էլ պատճառ են դառնում նյարդային արմատիկի քայքայմանը` հասցնելով այն բորբոքման աստիճանի: Այժմ մասնագետները գտնում են, որ ռադիկուլիտի պատճառը հենց թաքնված է ողնաշարում, այսինքն՝ դրա պատճառը ողնաշարի վնասվածքներն են: Նրանք հենց այդպես էլ ներկայացնում են` ասելով, որ ռադիկուլիտի մոտ 95 տոկոսի պատճառը օստեոխոնդրոզն է, իսկ մնացած 5 տոկոսինը` հենց միջողային ճողվածքները:

Իհարկե, բժիշկներին միանգամայն հայտնի է, թե ինչը կարող է նպաստել ռադիկուլիտի նոպայի առաջացմանը: Առաջին հերթին դա կարող է լինել սթրեսը, երկրորդ հերթին` վարակը, երրորդը` նյութափոխանակության խանգարումները և, բնականաբար, ծանրություն բարձրացնելն ու անհաջող կատարված շարժումը:

Ռադիկուլիտի առաջին նախանշանը ցավն է: Թե ցավը որ մասում ավելի ուժեղ կլինի, կախված է այն բանից, թե ողնաշարի որ մասն է վնասված: Պարանոցային ռադիկուլիտը բնորոշվում է պարանոցի ու ծոծրակի ուժեղ ցավով, և անգամ հազը կամ մի փոքրիկ գլխի շարժումը կարող են պատճառ դառնալ սաստիկ ցավի: Երբեմն պարանոցային ռադիկուլիտը կարող է գլխապտույտի, լսողության վատացման պատճառ դառնալ: Ուսա-պարանոցային ռադիկուլիտի ժամանակ կտրուկ ցավ է առաջանում պարանոցի, ուսերի ու ձեռքերի շրջանում: Կրծքամասի ռադիկուլիտի ժամանակ սաստիկ ցավային նոպաները, կարելի է ասել, ընդգրկում են ամբողջ կրծքավանդակը:

Եվ վերջապես ռադիկուլիտի ամենահայտնի տեսակը գոտկատեղային ռադիկուլիտն է: Սա այն դեպքն է, որ ցավից հնարավոր չէ պառկել, նստել, կանգնել: Մեջքի սաստիկ ցավի պատճառով հնարավոր չէ ոչ քայլել, ոչ էլ հատկապես կռանալ:

Ռադիկուլիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Այս հիվանդության դեպքում ինքնաբուժությունը թույլատրելի է միայն այն ժամանակ, եթե «ռադիկուլիտ» ախտորոշումը հստակ է, որովհետև նույն ցավերը կարող են առաջանալ ուրիշ հիվանդության պատճառով, որի ժամանակ ինքնաբուժությունն ու տաքացնող միջոցներ գործածելը հակացուցված են: Ինչ միջոց էլ գործածելիս լինեք ցավող մասը մերսելու համար, այն պետք է ճիշտ շարժումներով կատարել: Ձեռքերը պետք է անպայման տաքացրած լինեն ու թաթախված այն քսուքով, որով պետք է կատարել մերսումը: Պետք է սկսել ցավող մասը նուրբ մերսել դեպի վերև` մոտ 10-20 րոպե, ուժեղ ցավերի դեպքում 5 րոպեն էլ բավական է: Պետք է հետևել, որ հանկարծ չոր ձեռքերով չդիպչեք ցավավող մասին, քսուքի բացակայության դեպքում վերցնել նոր բաժին: Այս պրոցեդուրայից հետո պետք է աշխատել ցավող մասը տաք պահել, որպեսզի չմրսի:

Քսուկներ պատրաստելու համար կարելի է օգտագործել մի քանի բաղադրատոմսեր.

- Վերցնել հավասար քանակությամբ բարդու բողբոջ, կեչու բողբոջ, անանուխի տերևներ ու խատուտիկի արմատներ: Այս ամենը աղալ ու ստացված խառնուրդից վերցնել 3 ճաշի գդալ, 100մլ եռջրով եռացնել թույլ կրակի վրա` 5 րոպե անընդհատ խառնելով: Հետո ստացված զանգվածին ավելացնել 75 գրամական խոզի ճարպ ու բուսական յուղ, սառեցնել ու պահել սառնարանում: Հետո այս քսուքով մերսել վերը նշված եղանակով:

- Նույն եղանակով կարելի է քսուկ պատրաստել՝ վերցնելով հավասար քանակությամբ կռատուկի արմատ, անանուխի տերև, երիցուկի ծաղիկներ, եզնալեզվի տերևներ ու եռագույն մանուշակի խոտեր:

- Քրոնիկական ռադիկուլիտի ժամանակ խորհուրդ է տրվում կոմպրեսներ կատարել խմորիչով ու տարեկանի ալյուրից պատրաստված խմորով: Այն պետք է պահել ցավող մասին 1 ժամ: Փաթաթել խմորը թանզիֆի կտորով, հետո պերգամենտի թղթով ու տաք շալով: Նման կոմպրես կարելի է անել 2 օրը մեկ: