Իշխանությունը գաղափարների, ռեսուրսների և արժեքների բազմաչափ գործողությունների հանրագումար է: Քաղաքական ընտրանին, հաշվի առնելով իշխանության բազմաչափությունը, հնարավորություն պետք է ընձեռի բնականոն կերպով ժողովրդավարական արժեքներ մուտքագրել հանրային և քաղաքական կառավարման համակարգ:
Քաղաքակրթության փորձը վկայում է, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում դրսևորվող իշխանությունը և քաղաքական ընտրանու հետ նրա փոխհարաբերությունը բացարձակ մեծություն չէ: Յուրաքանչյուր պատմական ժամանակաշրջանում հասարակության մեջ տեղի ունեցող բազմաբնույթ փոփոխությունների ազդեցության տակ մոդելավորվում է իշխանության գաղափարական-քաղաքական ուղղվածությունը և, ըստ այդմ, ձևավորվում է և գործունեություն են ծավալում ընտրանու տիպերը:
Լեգիտիմությունը, որպես սոցիալ-հոգեբանական երևույթ, արդիականացող հասարակություններում հնարավորություն է տալիս դիտարկել քաղաքակրթական փոխակերպումները, որոնք, բացահայտելով ժողովրդավարական քաղաքական մշակույթի և բանավեճի, բանակցության ինստիտուտների ձևավորման շուրջ ծավալված այլընտրանքները, ենթադրում են ներքին հավասարակշռություն, որոնք էլ հին իրողությունը և գիտելիքները կրողներին հնարավորություն են տալիս ինքնակամ ընդունել նորը: Այս ամենը բացահայտում է ավանդական, արդիական և հետարդիական հասարակություններում քաղաքակրթական փոխակերպումների առանձնահատկությունները:
Լեգիտիմությունը համապատասխանում է ընտրազանգվածի, էլիտայի, լիդերության ինստիտուտների միջև առկա այն փոխհարաբերություններին, որոնց վրա ձևավորվում է քաղաքական իշխանությունը: Իսկ վերջինը լեգիտիմ է, եթե ա) ժողովրդից է բխում և իրագործվում է մեծամասնության կամքին համապատասխան. պետական իշխանություն ունեցողն ուղղակի կամ անուղղակի ընտրված է ժողովրդի կողմից որոշակի ժամանակով և նրա կողմից էլ կարող է վերահսկվել, բ) պետական իշխանությունն իրականացվում է սահմանադրական սկզբունքներին համապատասխան:
Իշխանության լեգիտիմության էության մեջ որոշիչը գերիշխանության արժեքաշահային համակարգի քաղաքական բովանդակությունն է, որը պետական իշխանության իրականացման մակարդակով արտացոլում է տարբեր տիպերի ընտրանիների վերաբերմունքն ինչպես մեկը մյուսի, այնպես էլ ընտրազանգվածի նկատմամբ:
Ամփոփելով նշենք, որ լեգիտիմության հաստատման համար որոշիչը հասարակության տնտեսական կյանքի, սոցիալական տարբեր խմբերի և կրոնական գիտակցության միջև առկա կապերի բացահայտումն ու վերլուծությունն է:
Արմեն Հովասափյան-Facebook