Երեկ ՀՀԿ Գործադիր մարմինը ՀՀ վարչապետի պաշտոնում կրկին անգամ առաջարկեց Տիգրան Սարգսյանին և ըստ Սահմանադրության վարչապետը 20 օրվա ընթացքում կձևավարի նախարարական կաբինետը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Տիգրան Սարգսյանի առջև դրված են այն խնդիրները, որոնք երկրի նախագահը երդմնակալության ժամանակ համարեց գերակա ուղղություն»,առանձնացրեց բանախոսն ու շարունակելով ասաց, որ Տիգրան Սարգսյանի աշխատանքն այնպիսի գնահատական է ստացել ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որը բավարար է նրան ևս մեկ անգամ առաջադրելու համար:
Հովհաննես Սահակայանը պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, թե ՀՀԿի մեծամասնությունը տեսնելով աղքատության մեծ թիվը, արտագաղթի աճող թիվն ու այն, որ երկրի բնակչության 40 տոկոսը պատրատվում է արտագաղթել ի՞նչ տրամաբանությամբ է Տիգրան Սարգսյանին առաջարկել ՀՀ վարչապետ, ասաց.«Վարչապետն առաջադրվել է գործադիր մարմնում միաձայն այնուհետև խորհրդում նորից միաձայն: Մենք ապրեցինք այս 5 տարիները բավականին մի ծանր ժամանակաշրջան, երբ որ կար տնտեսական ճգնաժամ, կար աշխարհով մեկ մոլեգնող մի խորը տնտեսական ճգնաժամ, որը մի շատ երկրներում գործազրկությունն այսպես ասած արտագաղթն ավելի արագ տեմպերով զարգանում է: Մենք տեսանք, որ մեր այս թիմը կարողացավ դիմակայել խնդրին»:
Հովհաննես Սահակյանը շարունակելով ասաց, որ Տիգրան Սարգսյանից իրենց ակնկալիքները շատ են, քանի որ դա այն պաշտոնն է, որը միշտ քննադատությունների թիրախ են լինում: Այսուհանդերձ Հովհաննես Սահակյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավականին խնդիրներ կարողացել է լուծել: