ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոկտեմբերի 25-ին Էրեբունի վարչական շրջանում հնչած կրակոցների դեպքի առթիվ, որի հետևանքով 4 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 23։40-ին, «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988թ. ծնված Վահագ Գևորգյանը, ով հայտարարել է, որ հրազենային վնասվածք է ստացել «Մետաքսի» մոտ:
Հոկտեմբերի 26-ի գիշերը 3 ահազանգ է ստացվել թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1988թ. ծնված Վլադիմիր Գևորգյանը, Արման Ավագյանը, 1984թ. ծնված Արման Սրապիոնյանը։
Վլ. Գևորգյանի մոտ ախտորոշվել է «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում», Ա.Ավագյանի մոտ՝ «Հրազենային կրակոց՝ աջ ազդրի նստաներվի վնասումով», Ա.Սրապիոնյանի մոտ՝ «ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք»։ Ըստ հայտարարությունների՝ նշված անձինք վնասվածքներն ստացել են «Մետաքսի» մոտ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 հատ պարկուճ, 7.62մմ տրամաչափի 1 փամփուշտ, 3 պարկուճ, գնդակների բազմաթիվ մասնիկներ, արյան հետքեր, վերցվել են փորձանմուշներ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։