Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի դեմ որոշ լրատվամիջոցներում սկիզբ առած քարոզարշավին վաղուց էի ուզում անդրադառնալ: Այս նյութն ուշանում էր զուտ այն պատճառով, որ կարծում էի, թե Զաքարյանի և ՀՀ ՊՆ-ի հասցեին ուղղված քննադատություններն հատվածային բնույթ են կրում և պայմանավորված են միայն առանձին լրագրողների՝ սահմանից օպերատիվ և էքսկլյուզիվ նորություններ ստանալու ցանկությամբ կամ էլ սովորական նախանձով: Բայց նրանց հետևողականությունը ստիպում է մտածել, որ մամուլում և քաղաքականամերձ շրջանակներում սկիզբ առած արշավն ուրիշ նպատակներ էլ է հետապնդում: Երևի այնքան լուրջ, որ դրանց հասնելու համար քննադատության է ենթարկվում անգամ Արշակ Զաքարյանի նախաձեռնած «Օժանդակ օգնություն բանակին» ծրագիրը, որի ընթացքում Հայոց Բանակի տարբեր ստորաբաժանումներին նվիրաբերվել է մի քանի հարյուր կտոր օպտիկական տեխնիկա և զինվորներին անհրաժեշտ այլ պարագաներ:

Բայց չեմ պատրաստվում ենթադրություններ անել նրանց իրական նպատակների մասին: Անկեղծ ասած՝ այդ հարցն ինձ այդքան էլ չի հետաքրքրում: Խնդրին ուզում եմ անդրադառնալ բացառապես տեղեկատվական դաշտում գործող մասնագետի տեսակետից: Մարդու, ով լրատվական-վերլուծական կայքեր է ղեկավարում և զբաղվում տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներով:

Սրանից ընդամենը մի քանի տարի առաջ հայկական լրատվամիջոցների հիմնական խնդիրներից մեկը վերաբերվում էր բանակից ստացվող նորությունների սակավաթվությանը: Պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունները լռում էին ոչ միայն զինված ուժերում տեղի ունեցող արատավոր երևույթների ի հայտ գալու դեպքում, այլև գրեթե ոչինչ չէին հաղորդում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Պաշտոնական տեղեկատվության պակասը սովորաբար լրացվում էր տարաբնույթ բամբասանքներով, չստուգված լուրերի տարածմամբ կամ էլ իրականության խեղաթյուրված ներկայացմամբ։ Ստեղծված իրավիճակը, բնականաբար, առաջին հերթին վնասում էր հենց պաշտպանության նախարարության հեղինակությանը, խաթարում բանակի հանդեպ հասարակական վստահությունը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների ու քաղաքացիների լայն շերտերի դժգոհությունները վերջին հաշվով նպաստեցին խնդրի հաղթահարմանը:

Այսօր, կարելի է ասել, որ բանակը բավական բաց կառույց է: Հատկապես, եթե հաշվի առնենք սահմաններում ստեղծված իրավիճակն ու դրանից բխող՝ մի քիչ ավելի փակ լինելու անհրաժեշտությունը: Բայց հասարակական պահանջները բավարարելու նպատակով Պաշտպանության նախարարության համապատասխան բաժինները ակտիվ տեղեկատվական քաղաքականություն են իրականացնում: Ավելին՝ Արշակ Զաքարյանի պես գործիչներին հնարավորություն են տալիս լինել սահմանում և այնտեղից ստեղծել ոչ պաշտոնական լրահոս: Այս գործի բացասական կողմը ո՞րն է:

Ընդ որում, պետք է ասել, որ սահմանում լինելու և այնտեղից նյութեր պատրաստելու հնարավորություն ունենում են գրեթե բոլոր լրատվամիջողցների ներկայացուցիչները: Հայկական հեռուստաընկերությունների եթերում մեկ անգամ չէ, որ նման նյութերի եմ հանդիպել: Նույնը վերաբերվում է նաև թերթերին, լրատվական կայքերին և այլն: Ցանկություն է պետք դրա համար և մի փոքր հետևողականություն: Եվ բոլոր նրանք, ովքեր իսկապես ուզում են օրիգինալ և էքսկլյուզիվ նյութ ունենալ, պետք է պատրաստ լինեն նաև որոշակի նեղությունների: Համակարգչի ետևում նստած բողոքելով այդպիսի խնդիրներ չեն լուծվում:

Ընդհանրապես, եթե խոսենք տեղեկատվության հասանելիության խնդրի մասին, ապա պետք է ասել, որ այս հարցում ամեն ինչ սովորաբար կախված է լինում լրագրողի անձնական որակներից: Եթե մարդը կարողանում է համապատասխան կապեր ստեղծել, նվիրվել գործին, պայքարել հետաքրքիր նյութ ունենալու համար, ապա ամեն ինչ ստացվում է: Եվ շատ հեշտ: Արշակ Զաքարյանն այդ գործի միակ օրինակը չէ Հայաստանում: Նման մարդիկ կան գրեթե բոլոր ոլորտներում և դա շատ օրինաչափ է: Այնպես որ, հարգելի լրագրողներ, բողոքելու փոխարեն գործել է պետք: Ի շահ ձեր մասնագիտության, լրատվամիջոցների և հանրային հետաքրքրության: Իսկ եթե նման ցանկություն չկա, ուրեմն մի խանգարեք այլոց զբաղվել այդ գործով: Չի՞ ստացվում ստեղծել, գոնե եղածը մի քանդեք:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ