Ոչ մի բան էլ գյուղացիները չեն թափում, ապատեղեկատվություն մի տարածեք. այսպես է արձագանքել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այս տարի առաջացավ գյուղմթերքի մթերման խնդիր, տոննաներով փչացան խաղողը, վարունգը, ծաղկակաղամբը, նուռը:
Սերգո Կարապետյանը շարունակել է խոսքը՝ անդրադառնալով նաև այն պնդմանը, թե մթերքը չմթերելու ու փչանալու վերաբերյալ պատմում են հենց գյուղացիները. «Իրենք շատ բան են ասում, ոչ մի բան էլ չեն թափում, մթերումները շարունակվում են, արդեն ավարտին են մոտենում խաղողի մթերման աշխատանքները: Վայոց ձորի մարզում ընդամենը մի քանի տոննա խաղող է մնացել մթերելու, որը երեք-չորս օրվա ընթացքում կավարտվի: Ամեն օր մթերումները շարունակվում են, ոչ մի խնդիր չկա: Գիտեք ինչ՝ շատ տեղ շատ բան է փչանում, հիմա դա պետք է կապեք մեզ հե՞տ: Ի՞նչ ա նշանակում՝ փչանում ա, կարող ա լավ չեն պահում, փչանում ա»:
Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է կատարվում Սերգո Կարապետյանի գլխում: Նա կարծես ապրում է իր հորինած փոքրիկ աշխարհում, որտեղ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը գտնվում է իդեալական վիճակում, գյուղացիները ուրախ են և երջանիկ, բերքը չի փչանում... Միգուցե ժամանակն է, որ ինչ-որ մեկը հարգարժան պարոն գյուղնախարարին արթնացնի քնից, վերադարձնի իրականություն, որտեղ բերքը փչացել է, գյուղացիները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, վարկերի տոկոսադրույքները ծանրացած են մարդկանց ուսերին և մեծամասնությունը արդեն իսկ բռնել է արտագաղթի ուղին...
Միգուցե Սերգո Կարապետյանին փոխելու ժամանակն է...