«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության հերթական նիստում կներկայացնի «Հասարակական կազմակերպությունների», «Հիմնադրամների» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Խոսքը բավականին աղմկահարույց փոփոխությունների մասին է, որ անցած տարվա վերջին փորձ արվեց անցկացնել Ազգային ժողովում, բայց հանդիպեց Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և միջազգային մի շարք կազմակերպությունների հուժկու քննադատությանը։ Օրենքին ընդդիմացող կազմակերպությունները պնդում էին, որ այդ օրենքով իշխանությունները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել հասարակական կազմակերպությունների գործունեությունը և ձեռք բերել հզոր լծակներ ցանկացած պատրվակով իշխանությունների քիմքին չհամապատասխանող ՀԿ-ների գործունեությունը կասեցնելու համար:
Բացի այդ, օրենքով ՀԿ-ներին պարտադրվում էր անցնել ֆինանսական աուդիտ, որը բավականին թանկ հաճույք է և ոչ բոլոր ՀԿ-ները կարող են դա իրենց թույլ տալ։ Վաղը ներկայացվող փաթեթում, ըստ արդարադատության նախարարության կողմից կցված պարզաբանման. ՀԿ-ների հակափաստարկները հաշվի են առնված։ Որքանով են հաշվի առնված թերևս պարզ կդառնա առաջիկայում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։