Հոկտեմբերի 27-ին Իտալիայի Աբրուցցո նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Նահանգային խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձևում համերաշխություն է հայտնվում հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և պատմական ճշմարտության ճանաչման ու մարդու իրավուքների պաշտպանության համար նրա պայքարին:

Փաստաթղթի նախագիծը ներկայացրած նահանգային խորհրդի անդամ, իշխող ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Լուչիանո Մոնտիչելլին բանաձևի ընդունումից հետո հայտարարել է. «Այսօր մենք մի գեղեցիկ էջ գրեցինք մեր նահանգի քաղաքական պատմության մեջ: Նման կարևոր հարցի վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունումը նահանգային խորհրդի հասունության մեծ վկայությունն է: Հուսով եմ, որ մեր ամենօրյա հոգսերից այդքան հեռու անցյալում տեղի ունեցած անարդարությունների մասին հիշողությունը մեզ կուղղորդի դատապարտելու նաև մեր օրերում տեղի ունեցող հետապնդումներն ու բռնությունները և գործնական օգնություն ցուցաբերելու դրանց զոհերին»:

Աբրուցցոյի նահանգային խորհուրդը Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչած 99-րդ խորհուրդն է: 

Նշենք, որ hոկտեմբերի 22-ին Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: