Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ-ի և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ:
Մասնավորապես, ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին, կբարելավվեն հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ծրագիրը, նշել է , որ պետք է հետամուտ լինել այն արագ իրականացնելու համար:
Ինչպես նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պայմանագրով հատկացվող գումարը կազմում է 25 մլն դոլար։