Բազմիցս ականատես ենք լինում նրան, որ մեր հարևան Ադրբեջանի նախագահը խոսելով իր երկրի տնտեսության մասին ներկայացնում է, որ իրենց մոտ ամեն ինչ փայլուն է, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Ճիշտ է նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ տնտեսությունը գրանցել է 3,7% աճ, սակայն այլ ցուցանիշների առումով լուրջ հետընթաց է գրանցվել: Նախ և առաջ վիճակը մխիթարական չէ արտահանման ոլորտում: Այս երկրի Պետական մաքսային կոմիտեի տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով արտաքին առևտրաշրջանառության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 35,7%-ով, ընդ որում արտահանումը նվազել է 50,5%-ով:
Ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն աճել է ընդամենը 0,87%-ով, ընդ որում ներմուծման աճի տեմպերը նույնպես նվազում են վերջին ամիսների ընթացքում՝ այսպես, հունվար-օգոստոսին ներմուծման աճը կազմել է 5,09%, սա խոսում է բնակչության եկամուտների նվազման մասին: Սեպտեմբեր ամսին առևտրական սալդոն եղել է բացասական և կազմել է 93 մլն դոլլար: Վերջին 10 տարիների ընթացում բացասական սալդո 3 անգամ է եղել, երեքն այս տարվա ընթացքում: Հասկանալի է, որ Ադրբեջանի արտահանման ծավալների գրեթե կրկնակի նվազումը պայմանավորված է եղել հում նավթի և նավթամթերքների արտահանման կրճատմամբ:
Հարկ է նշել, որ դեռևս Ադրբեջանի արտահանման կառուցվածքում նավթի մասնաբաժինը կազմում է մոտ 78,1%: Նվազել է ոչ միայն նավթի, նավթամթերքների և բնական գազի, այլ նաև այլ ապրանքների՝ թեյի, ալկոհոլային խմիչքների, սև մետալուրգիայի արտադրանքների, կաշվի արտահանումը: Նույնիսկ մանաթի դեվալվացիան չբերեց դրական արդյունքների և ոչ նավթային սեկտորի արտահանման ծավալները այս ընթացքում աճ չեն գրանցել: Նավթային պետական հիմնադրամի եկամուտները նվազել են 2,5 անգամ և վերջինիցս փոխանցումների կրճատման և հարկային ու մաքսային եկամուտների նվազման արդյունքում օգոստոս ամսվա դրությամբ նվազել են նաև պետական բյուջեի եկամուտները 14%-ով: Իսկ բյուջեի ծախսերը նվազել են 6%-ով: Սեպտեմբեր և հոկտեմբերի դրությամբ բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը ավելի մեծ կլինեն:
Ադրբեջանի կենտրոնական դրամատան արտարժութային պահուստները նույնպես արագորեն նվազում են՝ հոկտեմբերի դրությամբ պահուստները կազմել են՝ 7 մլրդ դոլլար: Այն դեպքում, երբ այս տարվա հունվարին այն կազմել է 13,7 մլրդ դոլլար, այսինքն, այս տարվա ընթացքում պահուստները նվազել են 6,7 մլրդ դոլլարով կամ 49%-ով: Հնարավոր է մանաթի նոր դեվալվացիա:
Ադրբեջանի ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն այնտեղ հաստատվել է 3,8% գնաճ, սակայն փորձագետները խոսում են ամենաքիչը 7-8% գնաճի մասին: Ֆինանսական և բանկային համակարգում լուրջ խնդիրներ են կուտակվել: Ադրբեջանական մամուլը արդեն գրել է ֆինանսական սեկտորում մի քանի հազար ծառայողների մասսայական կրճատումների մասին:
Նարեկ Սարգսյան՝ ֆեյսբուք