Ինչպես նախկինում մեզ հայտնել են Նարկոլոգիական Հանրապետական կենտրոնից, Հայաստանում գնալով շատանում են սփայս օգտագործելու դեպքերը, ինչի համար էլ արգելվել է: Որոշակի մանրամասներ պարզելու համար YerevanNews.am-ը կապ հաստատեց իրավաբանական հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ:
- Սփայսը խառնուրդ է. բուսական ծագման «խոտ» կոչվածi և քիմիական տարրերի խառնուրդ է, որը առաջացնում է նույն սիմպտոմները, ինչ մարիխուանան կամ մնացածները: Վնասը հիմնականում դրա հալուցինոգեն ազդեցությունն է, որի տակ մինչև ինքնասպանության են հասնում: Ուղղակի, ոչ թե միտումնավոր գնում ինքնասպան են լինում, այլ իրականությունից կտրված նրանք անում են բաներ, որոնք իրենց համար այդ պահին համարվում է նորմալ: Կորում է վախի զգացողությունը, իրականության հետ կապը, ինչը բերում է անդառնալի հետևանքների:
Եթե համեմատենք հայտնի LSD-ի կամ DMT-ի հետ, ապա դրանք բացարձակ տարբեր են: Տարբերվում են հիմնականում իրենց ուժգնությամբ, տևողությամբ, ինտենսիվությամբ, իրենց առաջացրած ազդեցություններով: Նույն LSD-ի, DMT-ի «տակից» շատ հաճախ կարող են ընդհանրապես դուրս չգալ: Սփայսը այդ առումով ավելի քիչ վտանգավոր է: Մարդը մահանում է, հետ է գալիս. LSD-ն և DMT-ն այդպիսի ազդեցություն ունեն: Կոպիտ ասած՝ «գնում են էն աշխարհ, հետ են գալիս»: Գնում են մի տեղ, որը չկա: Պերուում կամ արևելյան այլ երկրներում, որտեղ LSD-ն տարածված է, հատուկ շամաններ կան, որոնք հետևում են այդ պրոցեսին, որ մարդուն կարողանան հետ բերել:
Դրանց առաջացրած զգացողությունները կարող են նման լինել, որովհետև երկուսն էլ ազդում են ուղեղի որոշակի կենտրոններրի վրա, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Օրինակ՝ դոպամինի ազդեցության տակ մեծ քանակությամբ ու միանգամից սկսում են դրական, ուրախության հորմոններ արտադրվել:
Վերջերս Ռուսաստանում ամուսինը սպանել էր երկու երեխաներին և վնասել կնոջը: Տեղեկություն տարածվեց, որ նա եղել է սփայսի ազդեցության տակ: Հնարավո՞ր է սփայսը նման ազդեցություն ունենա:
- Այո: Կա երեք տեսակի սփայս. արծաթ, ոսկի, ադամանդ: Արծաթը ավելի թույլ տեսակն է, ոսկին՝ ավելի ուժեղ, իսկ ադամանդը ամենաուժեղ ազդեցությունն է թողնում: Դրանք տարբերվում են իրենց ուժգնությամբ և տևողությամբ: Որքան երկար է տևողությունը, այնքան ավելի քիչ են «դրա տակից հետ գալու շանսերը»:
Սփայսը վերջերս սկսվել է արգելվել եվրոպական երկրներում: Եթե այն այդքան վտանգավոր չլիներ, ապա չէին արգելի: Սկզբում թույլատրվել է: Մեր երկրում, օրինակ, մարիխուանան մինչև 19-20-րդ դարերը եղել է սովորական բան: Մենք «կանեփի տոն» ենք ունեցել: Բայց հետագայում, դրա հետ քիմիա են խառնել, որը մի քանի անգամ մեծացնում է բացասական ազդեցությունը: Այդ «սփայսերը» ստեղծվել են ի հակակշիռ մարիխուանայի, իբրև ավելի քիչ վտանգավոր, հետևանքներ չթողնող, կախվածություն չառաջացնող միջոց, բայց կամ խաբել են, կամ ի սկզբանե այդպես է եղել, հետո է փոխվել: Նույնկերպ ինչպես ալկոհոլն է եղել թույլատրելի, այնպես էլ սփայսը, իբրև մարիխուանայի չվնասող տեսակ: Այսինքն բուսական ծագման թմրանյութը ֆիլտրել են քիմիական նյութերով, որպեսզի վնասակար ազդեցություն չլինի:
Դրանք բոլորը ի սկզբանե ստեղծվում են, որպես դեղանյութ, նույն մարիխուանան էլ է դեղ համարվել, բայց հետագայում, երբ հասկանում են, որ «մեջը փող կա», սկսում են դրանց հետ այլ բաներ խառնել, որպեսզի ազդեցությունն ավելի տպավորիչ լինի: