Երեկ «Հայկական ժամանակ»-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրահանգով մարզպետարանի ենթակայությամբ գործող պետական հիմնարկների ղեկավարների առջև պահանջ է դրվել` կոլեկտիվի անդամներից հավաքել մայրաքաղաքում ապրող իրենց այն ծանոթ-բարեկամների տվյալները, որոնք կպարտավորվեն Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին: Խոսքը վերաբերում է մասնավորապես դպրոցներին: Թերթի տեղեկություններով, կոլեկտիվի անդամներից պահանջում են այդ տվյալները ու միաժամանակ զգուշացնում, թե զանգահարելու են ցուցակում նշված երևանցիների հեռախոսահամարներով` անձամբ նրանցից հաստատում ստանալու, որ պատրաստվում են ընտրել Հանրապետական կուսակցությանը: Երեկ թերթի թղթակիցը պատահական ընտրությամբ զանգահարել է Աբովյան քաղաքի դպրոցներից մեկը, որը մարզպետարանի ենթակայության է: Ասել է, որ մարզպետարանի աշխատակից է և հետաքրքրվել է ցուցակների ճակատագրով: Տնօրենի (դպրոցի համարն ու տնօրենի անունը թերթը միտումնավոր չի նշում) հետ «ՀԺ»-ի զրույցը ներկայացնում ենք ստորև.
- Ցուցակներ պիտի պատրաստեիք չէ՞ ավագանու ընտրությունների հետ կապված, ուզում եմ հարցնել` ի՞նչ փուլում է:
- (Տևական լռություն-խմբ): Ինչո՞ւ եք դպրոցներին հարցնում: Դուք ո՞վ եք, կասեք:
- Ուղղակի ինծ հանձնարարել են, որ ճշտեմ, տեսնեմ` հիմա ի՞նչ ընթացքի մեջ է, հերթով զանգում եմ:
- Ցուցակները տվել ենք արդեն:
Ե՞րբ եք տվել, ո՞ւմ:
- Շուտ ենք տվել, օրը չեմ կարող հիշել, բայց մի քանի օր առաջ էր:
- Ո՞ւմ եք տվել:
- Ով մեզ հանձնարարել է:
- Կրթության բաժի՞ն եք ներկայացրել:
- Չէ, կրթության բաժինը չի հանձնարարել:
- Իսկ քանի՞ հոգու անուն կար ձեր ցուցակում... Նույն ցուցակի մասին ենք, չէ՞ խոսում, Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված` բարեկամների, ծանոթների ցուցակի: 
-Հա:
-Իսկ անուն կարող եք նշել ո՞ւմ եք տվել:
- Դե հիմա ես չգիտեմ ճիշտն ասած, դուք ով եք: Ով ինձանից պահանջել է, նրան էլ տվել եմ: