Նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում՝ հայկական պատմական մասունքների թանգարանի ստեղծման նպատակով նախանշված դրամահավաքի ընթացքում ցուցադրության է հանվել Ղազիրի (Բեյրութ) ամերիկյան որբանոցի հայ աղջիկների գործած հայտնի գորգը: 1925 թվականին 10 ամսվա ընթացքում ստեղծած այս գորգը (լուսանկարում) Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության պատճառով որբացած հայ աղջիկները 1925-ի Սուրբ ծննդյան տոների նախօրեին նվիրել են ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Քելվին Քուլիջին՝ որպես երախտիքի նշան իրենց ցուցաբերված ամերիկյան մարդասիրական օգնության:
Գորգի հեղինակներից էր նաև որբանոցի սան Նարդուհի Խոսրովյանը (լուսանկարում աջից՝ գիրքը ձեռքին): Նա Խարբերդից էր, 1915-ին կոցրել էր ծնողներին 9 տարեկանում: Ապաստանելով Միջին Արևելքի ամերիկյան նպաստամատույցի Ղազիրի որբանոցում, Նարդուհին շատերի նման ստանում է այստեղ գորգագործի մասնագիտություն և աշխատում որբանոցին կից գործող գորգագործական արտադրամասում: Լուսանկարում ներկայացված է 1925-ին Նարդուհի Խոսրովյանին տրված համապատասխան մասնագիտական վկայականը՝ ստորագրված Ղազիրի որբանոցի և միաժամանակ գորգագործական արտադրամասի տնօրեն Յակոբ Կունցլերի կողմից:
Ռուբեն Շուխյան-Facebook