Հայաստանյան հեռուստաեթերի խնդիրների մասին կարելի է գրքեր գրել, բայց ոչ դասեր տալու, ոչ էլ բարոյականություն քարոզելու նպատակ չհետապնդելով, պարզապես ուզում եմ խնդրել «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը եթերից հանել «Խոպանի տեսություն» կոչվող ցնդաբանությունը: Վստահ եմ, որ խնդրանքիս կմիանան մի շարք ծնողները, ովքեր ևս չեն ցանկանում, որ իրենց երեխաներն այդ անճաշակության և մարտնչող տգիտության մասն ու կրողը դառնան: Որպեսզի կարծիքս հիմնավոր լինի և ասածս մերկապարանոց հայտարարություն չթվա, ես, անմարդկային ջանքեր գործադրելով, դիտել եմ այդ ենթադրյալ սիթքոմի տասից ավելի սերիա, որն էլ նամակիս հրապարակման պատճառ դարձավ:
Եվ այսպես՝ «Խոպանի տեսությունը» սիթքոմ է երկու եղբայրների կանանց անվերջ հակամարտության մասին, սկեսուրի հանդեպ ունեցած զզվանքի, հավի ուղեղ ունեցող հասուն աղջիկների, հարբեցող, ընտանիքից մշտապես բենզինի գումար մուրացող երիտասարդ տղայի, փողոցային փեսայի մասին, ով պպզում է անգամ անկողնու ու աթոռի վրա, փոքրիկ աղջկա, ով գումար վաստակելու համար անգամ «հոգին կվաճառի սատանային» և, վերջապես, խոպան մեկնած, այնտեղ իրենց անձնական կյանքը դասավորած և ընտանիքի մասին մոռացած տղամարդկանց մասին: Ընտանիք, որտեղ միակ արժեքը փողն է: Եվ այս ամբողջ հիմարությունը համեմված է տափակագույն, կենցաղայինից մի քանի աստիճան ցածր հումորով:
Այս սիթքոմի սերիաներից մեկում «քցում» էին Հայաստան ժամանակ սփյուռքահայերին, շահագործում էին գյուղից քաղաք եկած բարեկամուհուն՝ տանից դուրս չվռնդելու դիմաց ստիպելով տնային գործերով զբաղվել, երգի ուսուցիչ հարսը «քցում» է իրեն վոկալի դասերի դիմաց վճարած աշակերտին, երիտասարդ տղան հորեղբոյր կնոջ սենյակից գումար էր գողանում... այսպես շարունակ: Խնայելով մարդկանց նյարդերն՝ այլևս չեմ շարունակում թվարկել շարքը:
Եվս մեկ անգամ խնդրում եմ «Շանթ» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել այս սիթքոմի եթեր հեռարձակելու հարցը կամ դրա նշաձողը բարձրացնել:
Մամուլի Խոսնակ