ԼՂՀ ՊՆ Լ. Հ. Մնացականյանի պատասխանները Մոսկովյան «Նոյան Տապան» թերթի հարցերին.
Այսօր ողջ հայության ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին: Ո՞րն է, Ձեր կարծիքով, իրադրության ներկայիս աննախադեպ սրման պատճառը:
- Նախ ասեմ, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության աճ նկատվեց դեռևս նախորդ տարվա հուլիս-օգոստոսից սկսած, որը որոշակի ընդհատումներով, սակայն խոշոր տրամաչափի հրետանային զինատեսակների աստիճանական ներգրավմամբ ու ինտենսիվ կիրառմամբ, շարունակվում է առայսօր: Ինչ վերաբերում է վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներին, ապա ես դրանցից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված «status-quo»-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար: Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողելու նպատակով:
Ի՞նչ է հակադրում ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական գերզինված բանակին: Կարելի է արդյո՞ք իմանալ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հակառակորդի ագրեսիվ պահվածքը ճնշելու համար: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզում է հետևյալ հարցը. Ի՞նչքան կարող են ԼՂՀ պաշտպանության բանակի ուժերը դիմակայել ադրբեջանական բանակին, որը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է իր զինանոցը:
- Չցանկանալով թերագնահատել հակառակորդի տրամադրության տակ եղած սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքները ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը: Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում:
Պատերազմների փորձը ցույց է տալիս,որ հզոր և պաշտպանունակ է այն բանակը, որը բացի գերժամանակակից...