«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա 9 ամիսների արդյունքներով Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են եղել:
Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով: Ընդ որում, բերված թվերը պաշտոնական են և հրապարակվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից: Իսկ ի՞նչն է այս իրավիճակի պատճառը. հանրահայտ իրողություն է, որ երեխաների մեռելածնության հիմնական պատճառները երկուսն են` սոցիալ-տնտեսական վատ պայմանները և առողջապահության ցածր մակարդակը: Բերված թվերը վկայում են, որ Հայաստանում շատացել են այն ընտանիքները, որոնք ի վիճակի չեն իրենց ծննդկանին ապահովել անհրաժեշտ կալորիականությամբ հարուստ սննդով:
Հայտնի է, որ եթե հղի կնոջ օրաբաժինն աղքատ է, այն կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի աճի վրա: Մյուս կողմից ողջ աշխարհում առողջապահությունն այն աստիճան է զարգացել, որ հղիության ընթացքում հնարավոր խնդիրները հնարավոր չէ դրանց ի հայտ գալու շրջանում չնկատել: Ուստի դրանց մեծամասնությունն անլուծելի կարող է դառնալ և անդառնալի հետևանքների (մեռելածնության) հանգեցնել միայն բժշկի համապատասխան հսկողության բացակայության պատճառով:
Իհարկե, պաշտոնապես Հայաստանում հղիների բուժսպասարկումն անվճար է: Սակայն իրականում Հայաստանում մեկ կամ երկու հիվանդանոց կարելի է գտնել, որտեղ առանց վարձատրության մարդուն անհրաժեշտ բուժսպասարկման ծառայություն կմատուցեն: Ուստի շատ հղիներ ֆինանսական խնդիրներ ունենալով՝ չեն կարողանում պարբերաբար բուժզննում անցնել, ինչի արդյունքում լինում են անդառնալի հետևանքներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: