«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով հակահայկական զեկույցն ընդգրկել ԵԽԽՎ հունվարին տեղի ունենալիք նստաշրջանի օրակարգում: Իհարկե, ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը, եթե անգամ ԵԽԽՎ-ի կողմից հաստատվի, ապա չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա: Սակայն տեղի ունեցածի քաղաքական գնահատականը դրանից չի փոխվում: Իսկ քաղաքական գնահատականն այն է, որ Հայաստանը խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում լուրջ պարտություն կրեց:
Ադրբեջանին հաջողվեց միջազգային հարթակում եւս մեկ փաստաթուղթ ստեղծել, որը պարունակում է Հայաստանի և Արցախի համար խայտառակ ձեւակերպումներ: Ադրբեջանը հետագայում հնարավորություն կունենա հղումներ կատարել այս «զեկույցին»: Եվ որպեսզի այլեւս նման խայտառակություն չկրկնվի, ՀՀ իշխանությունները պետք է հետեւություններ անեն և մեղավորներին քաղաքական պատասխանատվության ենթարկեն:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովում հայկական պատվիրակությունից ընդգրկված են ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը: Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն է եւ հատկապես նա է պատասխանատու այս խայտառակության համար:
Հ.Գ. Նաիրա Կարապետյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի նիստում իրենք առաջարկել են «զեկույցը» ԵԽԽՎ լիագումար նիստում ընդգրկելու որոշման կայացումը հետաձգել: Սակայն հայկական պատվիրակների առաջարկը 24 դեմ, 14 կողմ քվեարկությամբ մերժվել է: Ի դեպ, հայ պատվիրակները «զեկույցի» մասին հատուկ կարծիք են ներկայացրել, որը կցվել է փաստաթղթին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: