2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնային պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը` հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնային պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:
Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ` քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով` վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:
Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:
Հաշվի առնելով, որ «Լեռնային պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնային պար» քանդակախմբի վերականգնման գումարները` ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն