«Այս 24 մլն եվրոն երեք տարբեր ծրագրերի համար է, մասնավորապես՝ աջակցություն ՀՀ կառավարությանը՝ Ասոցացման համաձայնագրի գծով նախապատրաստական աշխատանքների երկրորդ փուլի ֆինանսավորման համար։ Այս ծրագրի ընդհանուր արժեքը 21 միլիոն եվրո է: Առաջին 7 մլն տրանշը ստանալու ենք 2016 թ. երկրորդ եռամսյակում, և այն արտացոլված է բյուջեի նախագծում, իսկ մյուս մասնաբաժինը՝ 7.8 մլն եվրոյի չափով մենք ստանալու ենք 2017 թվականի երրորդ եռամսյակում»,- ասել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ Եվրոպական ինտեգրման և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

Նա նշեց, որ գումարներ կտրամադրվեն նաև ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար։ ՀՀ-ն կստանա 10 մլն եվրո. այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 29 մլն եվրո է, որից 25 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ 4՝ մլն-ը տեխնիկական։ Երրորդ ծրագիրը գյուղատնտեսական ոլորտին է վերաբերում, որի համար կտրամադրվի ընդհանուր 25 մլն եվրո, որից միայն 7 մլն.-ը կտրամադրվի 2016 թվականի 2-րդ եռամսյակում:

«25 մլն-ից 20 մլն-ը բյուջետային աջակցություն է, իսկ մնացածը՝ տեխնիկական: Առաջին հաստատական մասնաբաժինը՝ 6 մլն եվրոն, ակնկալվում է ստանալ մինչև այս տարվա վերջ, երկրորդը՝ փոփոխական մասնաբաժինը՝ 1 մլն եվրոն նախատեսվում է 2016 թվականի 2-րդ եռամսյակում ստանալ, իսկ հաջորդ մասը՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում»,-ասաց նա: