«Հրապարակ» թերթը գրում է.

«Երկու տարի առաջ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքից հեռացված աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն այս հոկտեմբերի 27-ից դարձյալ վերադարձել է նույն պաշտոնին, միայն՝ դեռևս պաշտոնակատարի կարգավիճակում։ Այս վերանշանակումը հետաքրքրական է, քանի որ Վահե Էլոյանի և նախկին նախարար Յուրի Վարդանյանի միջև ընդհարումը հասավ մինչև վարչական դատարան, և Էլոյանը դատի տվեց Վարդանյանին ու ՀՀ կառավարությանը՝ պահանջելով անհատական իրավական ակտը՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար պատասխանողից բռնագանձել աշխատավարձի գումարը։

Հիշեցնենք, որ նախկին նախարար Յուրի Վարդանյանը 2013-ի կառավարության նիստերից մեկի ժամանակ օրակարգ էր մտցրել Էլոյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու առաջարկ՝ նշելով, որ նա դիմում է գրել։ Հետո պարզվեց, որ Էլոյանը որևէ դիմում չի գրել, Վարդանյանն ստիպված եղավ հայտարարել, որ բանավոր փոխպայմանավորվածություն էր եղել։ Իսկ նախարարի և իր ենթակայի միջև հակասություններն առաջացել էին Վարդանյան-Ծառուկյան հակամարտության հողի վրա. զբաղեցնելով սպորտի նախարարի պաշտոնը՝ Յուրի Վարդանյանը հայտարարել էր, որ ոլորտում թելադրողն ինքն է լինելու, ապա լծվել էր ՀԱՕԿ-ի ղեկավար Ծառուկյանի «մարդկանցից» ազատվելու գործին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: