«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են նոր պարտատերեր, ովքեր ներկայացրել են իրենց պահանջները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել:
Նրա խոսքերով՝ պարտատերերի ցուցակը չի հաստատվել և սրա կապակցությամբ դատական նիստ է հրավիրվել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին: «Գործը շահառուների բավարարման փուլում է գտնվում: Պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հետ մարզադաշտի տնօրինությունը չի համաձայնել և դատարանում պահանջի հարցը կքննվի: Բայց պարտապանը իր հերթին պնդում է՝ երբ դատարանը վերջնական որոշում կկայացնի պահանջի չափով գումար տալու մասին, այդ ժամանակ չի առարկի: Բայց հիմա չի ընդունում»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը:
Զրույցի ավարտին Կոշեցյանը նկատեց նաև, որ այս պահին «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ը գրավադրված է: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: