Մոտ 40 անձանց «հիպնոսացնելն» ու համոզելն, իրոք, ամեն մարդու բան չէ, դրա համար որոշակի ձիրք է պետք, այլ հարց է` Աստծո՞, թե Սատանայի կողմից տրված: Դիմացինի վստահությունը շահելու համար գործադրված հնարքը եղել է շատ պարզ, բայց միաժամանակ նաև` արդյունավետ: Այդ հնարքի էությունը թանկարժեք սարքավորման ձեռքբերման նպատակով անհրաժեշտ կանխավճարի գումարի վճարումն է եղել իր կողմից: Դա մարդկանց վրա հավանաբար ենթագիտակցական ազդեցություն է ունեցել, նրանք միամտացել են, թե այդ որ խարդախն է ուրիշի անվամբ թանկարժեք սարքավորումն ապառիկ գնելիս, կանխավճարն ինքը վճարում:

Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Վարդան Մաթևոսյանը 2011թ. ապրիլին Երևանի բնակչուհի Քրիստինե Բարսեղյանին խաբեության նպատակով առաջարկել է «Բիլայն» ՎՍԳ-ից ապառիկ կարգով գնել «Էյչ փի» մոդելի դյուրակիր համակարգիչ և տալ իրեն: Պարտավորվելով վճարել այդ համակարգչի կանխավճարն ու ապառիկի հետագա ամսեկան վճարները, նրան տվել է ապառիկի կանխավճարի գումարը, որից հետո Ք. Բարսեղյանը նրան հավատալով ու վստահելով, Երևանի «Բիլայն» ՎՍԳ-ից 2011թ. ապրիլի 22-ին տարաժամկետ վճարման պայմանագրով ձեռք է բերել 220 000 դրամ արժողության «Էյչ փի» մոդելի մեկ դյուրակիր համակարգիչ ու տվել Վարդան Մաթևոսյանին: Վերջինս, սակայն, հիշյալ պայմանագրով նախատեսված հետագա ամսեկան վճարումները չկատարելու դիտավորությամբ, չի կատարել վճարումները և այդ համակարգչի նկատմամբ խարդախությամբ իրավունք ձեռք բերելով, այն վաճառել է քննությամբ չպարզված անձի, ստացված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ վճարումների կատարման պարտավորությունը թողել Ք. Բարսեղյանի վրա։

Բացի վերոնշյալից, Վարդան Մաթևոսյանը 2011թ. ապրիլին Երևանի բնակչուհի Սվետլանա Առաքելյանին առաջարկել է «Բիլայն» ՎՍԳ-ից ապառիկ կարգով գնել նույն մոդելի դյուրակիր համակարգիչ ու տալ իրեն` պարտավորվելով վճարել այդ համակարգչի կանխավճարն ու ապառիկի հետագա ամսական վճարները, նրան տվել է ապառիկի կանխավճարի գումարը: Սվետլանա Առաքելյանը նույնպես հավատալով ու վստահելով նրան, Արմավիր քաղաքի «Բիլայն» ՎՍԳ-ից 30.04.2011թ. տարաժամկետ վճարման պայմանագրով ձեռք է բերել 320 000 դրամ արժողության «Էյչ փի» մոդելի դյուրակիր համակարգիչ ու տվել նրան: Սակայն Վ. Մաթևոսյանը հիշյալ պայմանագրով նախատեսված հետագա ամսական վճարումները չկատարելու դիտավորությամբ չի կատարել վճարումները և խարդախությամբ այդ համակարգչի նկատմամբ իրավունք ձեռք բերելով, այն վաճառել է քննությամբ չպարզված անձի, որից ստացված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար, իսկ վճարումների կատարման պարտավորությունը թողել Ս. Առաքելյանի վրա։

Շարունակելով հաջողություն ապահոված հնարքի գործադրումը՝ Վարդան Մաթևոսյանը հաջորդ ամիս նույն կերպ է վարվել Երևանի բնակչուհի Թեհմինե Կորչուկյանի նկատմամբ, ապառիկով ձեռք բերված «Էյչ փի» մոդելի դյուրակիր համակարգչի արժեքն այս դեպքում եղել է 290 000 դրամ, այն նույնպես վաճառվել է քննությամբ չպարզված անձի, ստացված գումարը ծախսվել անձնական կարիքների համար, իսկ վճարումների կատարման պարտավորությունը թողնվել Թ. Կորչուկյանի վրա։

Եվ այսպես մի քանի տասնյակ դրվագներ, իսկ ընտրված զոհերի աշխարհագրությունը խիստ տարբեր է, քանզի նրա թակարդն են ընկել թե Երևանի և թե մարզերի բնակիչները, թե տղամարդիկ և թե կանայք:

Այսօրինակ բոլոր դրվագները ներկայացնելը, կարծում ենք, իմաստ չունի, նշենք միայն, որ քրեական գործում դրանք, ընդհանուր առմամբ, 38-ն են: Բացի դրանցից, Վ. Մաթևոսյանը 2012թ. ապրիլի 10-ին վարձակալելով Հովհաննես Խաչատրյանին պատկանող, Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 30ա հասցեում գտնվող առանձնատան 1-ին հարկը և ոչ մի իրավունք չունենալով փակ վիճակում գտնվող տան 2-րդ հարկի նկատմամբ, գողություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. մայիսի 10-ից 15-ը ժամանակահատվածում դռան կախովի փականը բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել տան 2-րդ հարկ և այնտեղից գաղտնի հափշտակել է Հ. Խաչատրյանին պատկանող 1 268 000 դրամ ընդհանուր արժողության 5 հատ տարբեր չափերի գորգեր և կենցաղային իրեր։

Ավելին. Հիշյալ հափշտակությունն էլ կարծես քիչ համարելով, Վ. Մաթևոսյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2012թ. հուլիսի լույս 1-ի գիշերն ապօրինի մուտք է գործել Արտյոմ Պետրոսյանին պատկանող և Կապան քաղաքի Երկաթուղայիններ թաղամասի 5-րդ նրբանցքում գտնվող անասնագոմ և այնտեղից գաղտնի հափշտակել 454 000 դրամ ընդհանուր արժողության 8 գլուխ ոչխար և 7 գլուխ գառ։

Վերոնշյալ արարքների համար Վարդան Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի («Գողությունը») 3-րդ մասի 1.1 կետով, 2-րդ մասի 3-րդ կետով, 178-րդ հոդվածի («Խարդախությունը») հատկանիշներով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

«Փաստինֆո»