Առողջապահության ոլորտին բյուջեից կհատկացվի 85 մլրդ 125 մլն դրամ, որը 2,1%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
«Նախատեսվում է ծախսեր ավելացանել սրտի վիրահատությունների ծրագրի մասով՝ 419 մլն դրամով, հոգեկան և նարկոլոգիական ծառայություններին ծրագրերին՝ 277 մլն դրամով, երեխաների բժշկական ծառայությունների ծրագրին՝ 122 մլն դրամով»,- շարունակեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նշվեց նաև, որ հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում հիվանդի մեկ օրվա բուժման միջինացված արժեքը նախատեսվում է 14 670 դրամ, որը 2015թ-ի չափով է:
Առաջարկվեց ներդնել սրտի վիրահատությունների նոր ծրագիր, որտեղ կհամախմբվեն հիվանդանոցային 5 ծրագրում իրականացվող սրտի վիրահատությունները: Արմեն Մուրադյանը հավելեց, որ ծրագրի համախմբման արդյունքում 2016թ-ի բյուջետային հայտում սրտի վիրահատությունների առաջարկվող ծրագրի գումարը կկազմի 3,1 մլրդ դրամ:
Հուսանք, որ հատկացված գումարները իսկապես կօգտագործվեն ըստ նշանակության, այլ ոչ ըստ սովորության՝ «անհայտ է որտեղ, անհայտ է ում համար» սկզբունքով: Հուսանք 2016թ.-ին կշտկվեն 2015թ.-ի առողջապահության ոլորտում առկա խայտառակ թերությունները, որոնք մի քանի մարդու, մանուկների և ամբողջ գերդաստանների դժբախտացման պատճառ դարձան: