Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին ՀՀԿ-ի ընտրական ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ, 35-ամյա, 5 երեխաների հայր Տարոն Մարգարյանը զգալի ունեցվածքի տեր է: Նա ունի 11 միավոր անշարժ գույք, որից 9-ը՝ միանձնյա, իսկ 2-ը՝ ընդհանուր համատեղ սեփականություն, միանձնյա սեփականություն հանդիսացող 3 միավոր շարժական գույք, եկամուտներ՝ բացառապես աշխատավարձից գոյացած, թեև «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի փայատեր է, նաև դրամական միջոցներ՝ ՀՀ դրամով և տարբեր արտարժույթներով:
2012թ.-ի մարտի 1-ից մինչև 2013թ.-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրում Տ.Մարգարյանի կողմից նշված 11 միավոր անշարժ գույքից 7-ը շենք և շինություն են: Դրանցից 5-ը միանձնյա սեփականություն են՝ Ջերմուկում թ.2 ամառանոց՝ 258,5 քմ, Երևանի Թումանյան փողոցում 190,2 քմ, Ավան վարչական շրջանում 1578,3 քմ, 44 քմ և 761,24 քմ մակերեսներով: Ընդ որում՝ վերջինը առևտրի կենտրոն է: Ավանում 3729,8 քմ և 137,9 քմ մակերեսներով շենք և շինությունները հայտարարագրված են որպես ընդհանուր համատեղ սեփականություն:
Տ.Մարգարյանի միանձնյա սեփականություն հանդիսացող մյուս 4 միավոր անշարժ գույքը Դիլիջանում 0,6365 հա հողամասն է, Ավանում 3 ավտոտնակները՝ 28,1 քմ, 25,9 քմ, 38,1 քմ մակերեսներով:
Գործող քաղաքապետը հայտարարագրել է նաև 2002թ.-ի արտադրության «Մերսեդես-Բենց G500», 2006թ.-ի արտադրության «Ռենջ-Ռովեր սուպեր չարչ» և 2007թ.-ի արտադրության «Մերսեդես S450» մակնիշի ավտոմեքենաներ:
Տ.Մարգարյանի տարեկան եկամուտը եղել է Երևանի քաղաքապետարանից ստացված 4 մլն 730 հազար 40 դրամ աշխատավարձը:
Քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 115 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և նույնքան եվրո:
Դատելով ԿԸՀ-ից Փաստինֆո-ին տրամադրված հայտարարագրերից, ի համեմատ Տ.Մարգարյանի, ՀՀԿ-ի ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, գրոսմայստեր, Հայաստանի քառակի չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում 2006 թ.-ի Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող, Մովսես Խորենացու մեդալով պարգևատրված 55-ամյա Սմբատ Լպուտյանը համեստ ունեցվածքի տեր է: Նա հայտարարագրել է 3 միավոր անշարժ գույք՝ մեկական բնակարաններ Երևանում (155 քմ) և Ծաղկաձորում (90 քմ), նաև մեկ շինություն Երևանում՝ 38,76 քմ մակերեսով:
Ս.Լպուտյանն ունի մեկ՝ 2002թ.-ի արտադրության «Տոյոտա Կամրի» մակնիշի ավտոմեքենա:
Հայտնի շախմատիստը որպես եկամուտներ հայտարարագրել է Հայաստանի շախմատի ակադեմիայից և Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանից ստացած աշխատավարձը՝ 270 հազար և 146 հազար դրամ: Նրա դրամական միջոցները 500 հազար դրամ են:
ՀՀԿ-ի ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, 56-ամյա Հովհաննես Թոքմաջյանը հայտարարագրել է միանձնյա սեփականություն հանդիսացող 7 միավոր անշարժ գույք՝ երկու բնակարան Երևանի Արմենակյան 125 շենքում՝ 404,7 քմ և 201 քմ մակերեսներով, նույն շենքում նկուղ, ավտոտնակ և կից հողամաս՝ համապատասխանաբար 54 քմ, 56,7 քմ և 0,03855 հա մակերեսով, նաև Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում կիսակառույց այգետնակ և հողամաս՝ 107,4 քմ և 0,06 հա մակերեսներով:
Հ.Թոքմաջյանը շարժական գույք, դրամական միջոցներ չի հայտարարագրել, իսկ նրա տարեկան եկամուտները գոյացել են բացառապես համալսարանից ստացված աշխատավարձից՝ 7 մլն 796 հազար 174 դրամ: