2016 թ.-ի պետական բյուջեով Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ: Այս մասին այսօր` նոյեմբերի 9-ին ԱԺ-ում պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
2016-ին ծախսերի աճը գերազանցելու է 4.6 անգամ՝ 2015-ի համեմատ: Պավել Սաֆարյանը նշեց, որ Էներգետիկայի ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր: Դրանց մեջ է մտնում նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, որի համար 2016 թ.-ին. ծրագրված է 4 միլիարդ 777 միլիոն դրամ:
Կիրականացվի Հայկական ԱԷԿ-ի համար 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որի համար 2016թ. ծրագրված է 4 միլիարդ 250 միլիոն դրամ: Ծրագիրը կիրականացվի Ռուսաստանի աջակցությամբ:
Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի համար 2016 թ.-ին ծրագրված է 1 միլիարդ 203 միլիոն դրամ: Փոխնախարարը ասաց, որ ծրագիրը իրականացվում է վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում: