Այսօր՝ նոյեմբերի 9-ին ՀՀ սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները փորձեցին պարզել, թե բյուջեի քննարկումների ժամանակ ասել էր, որ 2016 թվականին ավելի վատ ենք ապրելու. արդյո՞ք այդ սպասումները դարձյալ ուժի մեջ են:

«Ես նման բան չեմ ասել, եթե ուշադիր լինեք, թե ձեր գործընկերները կոնկրետ ինչ հարց տվեցին և ես որ հարցի շրջանակներում ինչ պատասխանեցի, ձեզ համար ամեն ինչ պարզ կլինի: Ես որևէ վատատեսական կանխատեսումներ չեմ արել, ավելին՝ ինքս օպտիմիստ եմ և կարծում եմ, որ այն ջանքերը, որ դրվում են կառավարության կողմից, տալու են լավագույն արդյունքներ»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը, խոսելով աղքատության մասին ասել էր հետևյալը. «Ընդհանրապես աղքատությունը բազմագործոն երևույթ է, և առաջին հերթին նկատի է առնվում եկամտային ապահովվածությունը: Բնական է, որ կյանքը ավելի դժվարանալու է հաջորդ տարում»:

Արտեմ Ասատրյանը վստահություն հայտնեց, որ միշտ հնարավորություն կա, որ տարվա ընթացքում սոցիալական տարբեր վճարումներն ավելանան: