Քանի դեռ Ռուսաստանում շարունակվում է դեսովետիզացիան, իսկ պետական քարոզչության մի մասը վստահված է Կիսելյովի պես ագրեգատներին, Ռուսաստանը դատապարտված է պարտության, որովհետև 21-րդ դարում ոչ մի պատերազմ ու աշխարհաքաղաքական դիմակայություն չի կարելի հաղթել, եթե պարտվում ես տեղեկատվական պատերազմում։

Նախագահական հերթական ընտրությունների նախաշեմին Ռուաստանում կրկին ակտիվացել է Կրեմլի լիբերալ աշտարակը, և այսպես ասած հավաքական Մեդվեդևը կրկին ձեռնամուխ է եղել դեսովետիզացիայի պրոցեսին, ինչն արտահայտվում է նրանով, որ ռուսական առաջատար լրատվամիջոցներում հերթական «մերկացնող» արշավն է սկսվել խորհրդային ժամանակաշրջանի տարբեր իրադարձությունների ու կերպարների շուրջ, և երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ ռուսական մեդիաները՝ նույն այդ չարաբաստիկ կիսելյովշինան, ավելի շատ է աշխատում սեփական երկրի դեմ, քան նույնիսկ ամենամարգինալացված ուկրաինական ԶԼՄ-ները, որոնք իրենց հերթին լիարժեք մառազմի մեջ են արդեն (մենակ Գանապոլսկու հերոսություններն ամեն ինչ արժեն)։

Հասկանո՞ւմ եք՝ անհնար է պայքարել «Ամերիկայի ու իմպերիալիզմի դեմ»՝ միաժամանակ սղոցելով այն ճյուղը, որի վրա նստած ես, իսկ այն, որ ներկայիս Ռուսաստանը նստած է ԽՍՀՄ-ի ժառանգության վրա, ամրագրված է անգամ իրավաբանորեն, որովհետև հենց Ռուսաստանն է հանդիսանում ԽՍՀՄ իրավահաջորդը։ Եվ երբ ռուսաստանյան էլիտայի լիբերալ թևն անում է ամեն հնարավորն ու անհնար՝ սեփական անցյալը հնարավորինս սևացնելու ու զզվանք առաջացնելու համար դրա նկատմամբ և միևնույն ժամանակ չի առաջարկում բացարձակապես ոչ մի այլ այլընտրանք, դա պարզապես բերում է զանգվածային պրաստրացիայի ու մոլորության, երբ մարդկանց մոտ իսկապես կոգնիտիվ դիսոնանս է առաջանում։

Ու հա, նորից ու նորից. ոմանք Պուտինին դարձրել են իսկական սուրբ մեսիա, բայց ուզում եմ հիշեցնել, որ արդեն որերորդ անգամ է այս ալիքը բարձրանում, և Պուտինը ոչ միայն առաձնապես չի հակազդում դրան, այլև, եթե խորանում ես արմատների մեջ, ապա տեսնում ես, որ ամենասրիկայական քարոզչություն տանող մեդիա ռեսուրսները, ամենասրիկա քաղաքական ու հասարակական գործիչները սերտորեն կապված են Կրեմլի ու պետական կորպորացիաների հետ, էլ չասեմ, որ հաճախ ուղղակիորեն ֆինանսավորվում են հենց այդ ռեսուրսներից։

Մի խոսքով, սենց անոռուգլուխ ներքին վիճակով ազդեցություն ու աշխարհաքաղաքական նոր դիրքեր չեն նվաճում, և եթե մոտ ապագայում արմատական փոփոխություններ չարվեն, ապա նոր Սառը պատերազմը կավարտվի շատ ավելի շուտ, քան նախորդը, և Ռուսաստանը փուլ կգա իր իսկ ծանրության տակ։ Ու մեր տեղական մարգինալներին ինչքան էլ հիացնի նման հեռանկարը, պետք է հասկանանք, որ դա մեզ ոչ մի լավ բան չի կարող բերել, քանի որ մենք առավել քան երբևէ շահագրգռված ենք հզոր ու ադեկվատ Ռուսաստան լինելու մեջ։

Կոստանտին Տեր-Նակալյան