«Կամավոր կուտակայինով անցյալ տարվա տվյալներով մասնակից դեռ չկա, ինչը վատ է: Դա նշանակում է, որ երևի քիչ ենք աշխատում հասարակության հետ: Դուք էլ գիտեք, թե ինչքան բարդ է քաղաքացուն ասել՝ այսօր խնայիր վաղն օգտագործելու համար: Նման դեպքերում պատասխանը մեկն է՝ ուզում ենք այսօր գումարը օգտագործել: Բայց դա սխալ է, ցանկացած պարագայում մարդը կարող է թեկուզ տասը դրամ խնայել: Միշտ կարելի է խնայել»,- այսօր Կենսաթոշակային չորրորդ տարեկան միջազգային համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա ընդգծեց՝ կուտակայինը միակ ելքն է աշխարհում և կմնա, որպեսզի հասարակության թոշակի չափը հաստատվի ոչ թե կենսաթոշակային տարիքի անցնելու ժամանակ, այլ մինչև այդ:

Այն հարցին, թե որքան գումար է հարկավոր, որպեսզի մեկ թոշակառուն կարողանա իր նվազագույն պահանջները բավարարել, պատգամավորն արձագանքեց, որ դա չափվում է նվազագույն աշխատավարձի չափով: Հայաստանում նվազագույն աշխատավարձը 51 000 դրամ է, որը կենսաթոշակառուին անհրաժեշտ չափն է: Մեր միջին կենսաթոշակը 41 000 է, այսինքն՝ մենք մոտ 10 000 դրամով անհրաժեշտ չափից պակաս ենք վճարում: Բայց դա միջինն է, կան նաև մարդիկ, ովքեր ավելի լավ են ապրում: Հետևությունները թողնում ենք ձեզ:

Հակոբ Հակոբյանը նշեց, որ պետական բյուջեում կան համապատասխան գումարներ, եթե հարկ լինի, կավելացվի, որպեսզի աղքատության շեմից ցածր մարդկանց քանակը չավելանա։