ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի և Գոհար Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել են նոր հանգամանքներ. տարեց կանանց սպանությանը դրդելու մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ անչափահասի:
Ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ, 1998թ. ծնված Ս.Զ.-ն համոզելու միջոցով դրդել է համաքաղաքացի, անչափահաս Ն.Խ.-ին ապօրինաբար կյանքից զրկել Եղեգնաձոր քաղաքի բնակչուհի Վարդուշ Սիմոնյանին և Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակչուհի Գոհար Բարսեղյանին և հափշտակել նրանց ոսկյա ականջօղերը:
Նախնական քննության տվյալներով՝ Եղեգնաձոր քաղաքի անչափահաս բնակիչ Ս.Զ.-ն 2015 թվականի հոկտեմբերի 20-ին` ժամը 12:00-13:00-ի սահմաններում, Ն.Խ.-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն, գնացել է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող Վարդուշ Սիմոնյանի առանձնատուն, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի մարզի Վերնաշեն գյուղում գտնվող Գոհար Բարսեղյանի տուն:
Ըստ դերաբախշման՝ Ն.Խ.-ն մտել է տարեց կանանց տները, իսկ Ս.Զ.-ն հսկել է դրսում:
Վարդուշ Սիմոնյանից և Գոհար Բարսեղյանից հափշտակված ոսկյա ականջօղերը նրանք հետագայում վաճառել են ոսկու առուվաճառքով զբաղվող կետերում, իսկ վաճառքից ստացված գումարը՝ տնօրինել երկուսով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. հոկտեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Իսակովի 25 հասցեում գտնվող տան բակում հայտնաբերվել է նույն տան բնակչուհի, 1924թ. ծնված Վարդուշ Սիմոնյանի դին, իսկ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:
Դիակների արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 16-ամյա Ն.Խ.-ն խոստովանական ցուցմունք էր տվել, որ Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել:
Կատարված քննչական փորձարարությունների ժամանակ նա նկարագրել էր երկու սպանության դեպքերի հանգամանքները:
2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ, և 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2015թ. նոյեմբերի 4-ին Ս.Զ.ն ձերբակալվել է, իսկ 2015թ. նոյեմբերի 7-ին՝ ներգրավվել որպես մեղադրյալ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով:
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` Ս.Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։