«Երեկ «Ժողովուրդ»- ի թղթակիցը ականատես է եղել թե ինչպես են Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը ասֆալտապատում առատ ձյան պայմաններում։ Պարզեցինք, որ փոսալցման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ, նախկին փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտուշ Ղուկասյանի երբորը՝ Արմեն Ղուկասյանին։ «Ժողովոտդ»-ը փորձեց Արմեն Ղուկասյանից պարզել, թե ինչու են ասֆալտապատման աշխատանքները հենց ձյան ժամանակ իրականացնում «Նախ՝ ասֆալտապատում չենք իրականացնում չէ՝ որ եղանակի տեսությամբ արդեն հաղորդվել Էր մարզում սպասվող ձյան մասին, հնարավոր չէր շուտ ավարտել վաղուց քարուքանդ փողոցի վերանորոգումը։ Փոսեր էր առաջացել և դրանք ասֆալտով հնարավոր չէ պահել։ Ամբողջ հանրապետությունը գիտի դրա մասին։ Իսկ մենք ընդամենը ասֆալտի աղացած մանրավազ ենք լցնում, որպեսզի ճանապարհը դարձնենք անցանելի։ Մինչև գարուն բացվի, ֆինանսավորում լինի, ասֆալտապատենք»,-պատասխանեց Ղուկասյանը։

Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքները վճարովի հիմունքներով են կատարվում։ «Իրենք փչում, չորացնում են, որը մինչև գարուն կպահի։ Հետո Ռուսաստանում ձմռան ամիսներին էլ են ասֆալտապատում իրականացնում»,- հպարտությամբ արդարացավ քադաքապետը։ Կարծում ենք՝ համայնքային բյուջեի սուղ միջոցները մսխելու առավել ցայտուն օրինակ հնարավոր չէ գտնել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: