Առջևում խորը աշուն է, անձրևներ, և մեզ դժվար կլինի խուսափել մրսածությունից ու տարատեսակ վարակներից: Առաջարկում ենք միջոց մրսածության դեմ, որը կարող եք ինքներդ պատրաստել: Այն նաև իմունիտետն ամրացնելու լավագույն միջոցներից է:

Դրա համար անհրաժեշտ է.

լավ լվացած և շերտատած երկու կիտրոն,
իմբիր` մոտ 100 գ, բարակ շերտերով կտրատած (կամ 2 ճ․ գ․ իմբիրի փոշի),
մեկ բաժակ բնական մեղր:

Պատրաստման եղանակը

Ապակյա կամ էմալապատ տարայի մեջ միմյանց վրա շարեք կիտրոնն ու իմբիրը: Դանդաղ ավելացրեք մեղրը, մինչև ամբողջությամբ ծածկի կիտրոնն ու իմբիրը: Ծածկեք տարան ու դրեք սառնարանը, այն մի քանի ժամից կվերածվի դոնդողանման զանգվածի: Կարելի է սառնարանում պահել մինչև երեք ամիս:

Օգտագործման եղանակը

Մեկ ճաշի գդալ պատրաստի զանգվածը լցրեք բաժակի մեջ, ավելացրեք եռացած, հովացած (մոտ 80°C աստիճան) ջուր, քանի որ մեղրի մեջ որոշ օգտակար նյութեր կարող են վերանալ 100°C աստիճան տաքության ջրից: