Քաղաքական գործընթացնրում բավականին հաճախ հանդիպում են այնպիսի տերմիններ, որոնց դրական կամ բացասական լինելը քչերին է հայտնի:

Մարգինալ (լատ. margo-ծայր, սահման, անգլերենում ավելի բազմանշանակ է. անգլ. marginal-ծայրամասում գտնվող, սահմանային): Ըստ բառարանային ձևակերպման` մարգինալ է այն ամենը, ինչը գտնվում է ընդունված կառուցվածքների, նորմերի սահմաններից դուրս:

«Մարգինալ մարդ» հասկացությունը առաջին անգամ գործածել է Ռոբերտ Փարկը՝ 1928 թվականին: Ըստ Փարկի՝ մարգինալ է այն մարդը, ով հայտնվել է երկու տարբեր մշակույթների, սոցիալական կառուցվածքների սահմանագծում, ով լիարժեքորեն ներառված չէ ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մեջ։ Փարկը վատատեսորեն է վերաբերվում մշակութային խառնածիններին` պատճառաբանելով, որ հնարավոր չէ միշտ մնալ սահմանագծում. անհրաժեշտ է կողմնորոշվել։

Դժվար է պատկերացնել որևէ հասարակություն, որտեղ չլինեն մարգինալ երևույթներ, մարգինալ անձինք, մարգինալ սոցիալական դեր և այլն։ Յուրաքանչյուր հասարակության մեջ մարգինալ հատկության կրողները անհատներն են, սոցիալական խմբերը և էթնիկական հանրույթները։

Սոցիոլոգիայում «մարգինալ» («լուսանցքային») հասկացությունը սկսել է օգտագործվել 1920-ական թվականներին: Ամերիկացի սոցիոլոգներն այդպես էին բնութագրում այն սոցիալական խմբերին, որոնք իրենց արժեհամակարգով, պատկերացումներով, մշակույթով չէին տեղավորվում այն պահին ԱՄՆ-ում ընդունված նորմերի մեջ, այդ նորմերի գծած լուսանցքից դուրս էին: Խոսքը նախևառաջ այդ ժամանակաշրջանում երկիրը հեղեղած էմիգրանտների մասին էր:

Քաղաքական պրակտիկայում իրավիճակն այլ է. մարգինալությունը բացասական բնութագիր ունի, պիտակ է, որը կուսակցականները կպցնում են իրար՝ ընդդիմախոս քաղաքական ուժի նշանակությունը նսեմացնելու նպատակով:

Այլընտրանքային գլոբալիստները և հակագլոբալիստները երկար ժամանակ դիտվում էին իբրև մարգինալ հոսանքներ, որոնց նպատակն ընդամենը աղմուկն է և մանր, ժամանակավոր, տեղային խնդիրների լուծումը:

Հակագլոբալիստներն արդեն հասել են կարևոր արդյունքների: Նրանք կոտրել են արևմտյան ԶԼՄ-ով քարոզվող այն առասպելը, թե մարդկությունը մտնում է հումանիզմի, առաջադիմության և համերաշխության դարաշրջան:

Արմեն Հովասափյան-Facebook