Նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության կողմից տարածվեց հաղորդագրություն, որում ասվում էր զինծառայող Սիրաջլի Մեհամեդ Մալիկ օղլուի մահվան հանգամանքների մասին: 1996թ.-ին ծնված զինծառայողի գործով Ղազախի շրջանի դատախազությունը իրականացնում է հետաքննություն: 

Նշենք, որ այս հաղորդագրությունը ուշացած էր, քանի որ այն տարածվել է, երբ դեպքի մասին տեղեկությունները արդեն իսկ ողողված էին ամբողջ համացանցով: ՊՆ-ի կողմից չի հրապարակվել դեպքի ոչ մի մանրամասն, սակայն ադրբեջանական «Ազատության ռադիոկայանի» կայքից տեղեկանում ենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին, Աղդամի շրջանի մոտակայքում գտնվող զորամասում:

Զինծառայողների հարազատներին հայտնել են, որ նա ինքնասպան է եղել, սակայն հարազատները դիահերձարանում զննելով զինվորի մարմինը մեջքի հատվածում հայտնաբերել են երեք հրազենային վնասվածք: Բացի այս, եղել են նաև կապտուկներ վզի և կրծքավանդակի ձախակողմյան հատվածներում: 

Հրազենային վնասվածքները, տրամաբանորեն հերքում են ինքնասպանության վարկածը, ինչը պնդում են նաև հարազատները: