Կոռուպցիա (լատ. corruptio այլասերում, քայքայում, կաշառում, փչացում) նշանակում է բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում:
Հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ՝ «որևէ բանի քայքայում կամ փչացում, հատկապես մասնատման կամ տարրերի քայքայման ճանապարհով, որն ուղեկցվում է փտումով», կամ բարոյական իմաստ, ինչպես «փչացում կամ բարոյական անկում… հանրային պարտականությունների կատարման ամբողջականության խեղաթյուրում` կաշառառության կամ լավ վերաբերմունքի միջոցով»: Կոռուպցիան, իրոք, ունի պատճառների ու հետևանքների լայն շրջանակ, ուստի և պահանջում է բազմակողմանի մոտեցում:
Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը:
Ըստ Օքսֆորդի ընդարձակ բառարանի` կոռուպցիա նշանակում է «պետական պարտականությունների կատարման ժամանակ կաշառքի և հովանավորչության միջոցով ամբողջականության ազնվության խեղաթյուրում և քայքայում»:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից կոռուպցիան սահմանվում է այսպես. «Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է` անձնական շահ ստանալու նպատակով»:
ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես` «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:
Կոռուպցիոն դրսևորումներ են այն գործողությունները, որոնք արդարության խախտումով «վաճառում են» պետական, քաղաքական և այլ որոշումները: Նման որոշումների համար կարելի է ամենատարբեր ձևերով փոխհատուցել, այսինքն, կան կոռուպցիայի բազմաթիվ դրսևորումներ, ինչպես նաև տարբեր երկրներում որպես կոռուպցիա տարբեր հանցագործություններն են որակվում:
Կոռուպցիայի հիմնական պատճառը մարդկային եսասիրությունն է և ագահությունը, և մենք չենք կարող կոռուպցիան համարել վարքի բացառիկ կամ հիվանդագին ձև, քանի որ մեզանից յուրաքանչյուրն էլ հակված է հոգալու իր մասին:
Զարգացման և հավասարության գլխավոր արգելակը կոռուպցիան է, որը կազմալուծում է հաստատություններն ու նպաստում անկայունությանը: Մոլեգնող կոռուպցիան վանում է օտարերկրյա ներդրումները, իսկ այդ պայմաններում գործարարությունը չի կարող բարգավաճել, ինչը հանգեցնում է տնտեսական զարգացման գրեթե բացակայության: Կոռուպցիան ազդում է հասարակության բոլոր մակարդակների վրա` կառավարությունից մինչև միջին վիճակագրական քաղաքացի:
Հ. գ. Յուրի Ֆեդոտով. «Կոռուպցիան կողոպտիչ է, որն արգելակում է տնտեսական և սոցիալական զարգացումը՝ շարքային մարդկանցից գողանալով զարգանալու և բարգավաճելու հնարավորությունները»:
Արմեն Հովասափյան-Facebook