Ապրիլի 20-ից ուժի մեջ է մտել «2013 թվականի գարնանային զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության ապրիլի 18-ի որոշումը:

Ըստ այդմ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թ.-ի ապրիլի 17-ի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի, գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծվել է հանրապետական զորակոչային հանձնաժողով, իսկ զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով՝ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ, հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը:

Որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:

Կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարին, մասնավորապես, հանձնարարել է զորակոչից խուսափող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել է զորակոչից խուսափողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ: Նաև իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` ՀՀ-ից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:

ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվել է զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում,-գրում է Փաստինոֆն:

ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարվել է 2013 թ.-ի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում ավարտել մինչև հունիսի 25-ը, բարձրագույն ուսումնական հաստատություններում դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները` մինչև հունիսի 1-ը, իսկ մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում տարկետման իրավունքով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելությունները՝ մինչև հունիսի 20-ը: