ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը համակարծիք է իր կուսակից Վարդան Օսկանյանի հետ այն հարցում, որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Այս մասին Տիգրան Ուրիխանյանն ասաց YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում:
«Այո, ես ինքս համամիտ եմ, իմ անձնական տեսակետն այդպիսին է եղել և հիմա էլ է այդպիսինը, բայց կուսակցության դիրքորոշումը ես չեմ կարող հայտնել, որովհետև այս պահի դրությամբ կուսակցության ներսում քննարկում դեռ չի եղել», ասաց Տիգրան Ուրիխանյանն ու պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ հենց սեպտեմբերյան նստաշրջանին այդ մասին հայտարարել, ասաց.«Ցավոք սրտի դա մեզանից կախված չէ: ԱԺ կանոնակարգ օրենքն է այդպես պահանջում՝ նստաշրջանի սկզբում»:
Հիշեցնենք, որ ԲՀԿն բազմիցս հայտարարել է, որ ոչ իշխանություն է և ոչ էլ ընդդիմություն, այլ այլընտրանքային ուժ է իշխանություններին։