ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը: Գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման:
Միաժամանակ, ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից շփման գծում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերը օրըստօրե ինտենսիվանում են այդ երկրում ընտրական գործընթացների ավարտից և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից անմիջապես հետո, ինչը ևս մեկ անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.), հաղորդում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: