Նոյեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը զեկույցով հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղ․ նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ» թեմայով կլոր սեղանի բացմանը՝ կազմակերպված «Արցախի օրեր Մոսկվայում» միջոցառումների շրջանակներում. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կարեն Միրզոյանն իր ելույթում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը։ Կարեն Միրզոյանը նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևողականորեն ցուցադրում է հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ ցանկության ու քաղաքական կամքի բացակայություն և ձեռնարկում քայլեր՝ ուղղված իրավիճակի հետագա սրմանը։ Այդ մասին վկայում է, մասնավորապես, այն, որ Բաքուն շարունակաբար մերժում է ինչպես շփման գծում իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմերի նախաձեռնությունները, այնպես էլ միջադեպերի հետաքննության մեխանիզմների իրականացման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկները։
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նաև ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները միասնական են իրենց վճռականության մեջ՝ շարունակելու 1991 թ․ անկախության հանրաքվեին ընտրված և 2006 թ․ սահմանադրական հանրաքվեին հաստատված ուղին։ Այս համատեքստում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը հուսալի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր է և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում տարածաշրջանում։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցերի, շոշափել միջազգային ահաբեկչության թեման։ Կարեն Միրզոյանը հիշեցրել է, որ ԼՂՀ-ն բախվել է այս խնդրին դեռևս 1991-1994 թթ․, երբ Ադրբեջանը խախտելով միջազգային իրավունքի նորմերը Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին է ներգրավել հազարավոր օտարերկրյա վարձկանների, այդ թվում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներից։ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ միջազգային ահաբեկչությունը է գլոբալ մարտահրավեր է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է միջազգային հանրության համախմբված մոտեցում։