«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ընկերությունից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել թվով 19 անձ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրից, որտեղ բոլորը մասնակցել են հարսանեկան խնջույքի:
Նույն օրը համալիրից նույն աշխտորոշմամբ առողջապահության նախարարության «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ընկերություն է դիմել ևս 11 անձ։
Երևան Նյուզը (YN.am-ը) Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է թունավորման աղբյուրը. մատուցված որոշ աղցանների մեջ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն:
Նշանակված փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ «Հավի մսով», «Հազարի տերևներով և լոլիկով» ու «Տապակած սմբուկով և նռան հատիկներով» աղցանների մեջ առկա է եղել Ոսկեգույն ստաֆիլակոկ /S.aureus/ ինֆեկցիոն հարուցիչ հանդիսացող մանրէն, որն էլ հարսանյաց հանդեսի մի շարք մասնակիցների մոտ առաջացրել է սննդային թունավորում։
Քանի որ վերջերս թունավորվողների, ահազանգողների թիվը զգալի մեծացել է՝ Երևան Նյուզը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ ստուգումների ու խախտումների քանակի մասին. 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է թվով 455 ստուգում, որից 442-ը պլանային՝ տարեկան ծրագրով նախատեսված, 13-ը՝ ոչ պլանային: Ստուգումների արդյունքում կիրառվել է վարչական պատասխանատվություն և սահմանվել տուգանք՝ շուրջ 29 մլն դրամի չափով: Թվով 45 ստուգում դեռևս ընթացքի մեջ է:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 44 դիտարկում և մշտադիտարկում, որից 30-ը՝ փաթեթավորված սննդամթերքի մակնշման պահման պայմանների և պիտանելիության ժամկետին ներկայացվող պահանջները գնահատելու, իսկ 14-ը՝ կենդանական ծագման մթերքի պահման պայմանների տեղափոխման և անասնաբուժական փորձաքննության իրականացման պահանջները գնահատելու նպատակով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ քաղաքացիներից ստացված ահազանգերի թիվն աճել է շուրջ 40 տոկոսով՝ կազմելով թվով 144 ահազանգ: Ահազանգերը հիմնականում վերաբերել են ժամկետանց սննդամթերքի իրացմանը, սննդամթերքի մակնշմանը և սանիտարահիգիենիկ պայմանների պահպանմանը ներկայացվող պահանջների խախտումներին:
Նշենք, որ թունավորումների թիվը Հայաստանում գնալով ավելանում է, որի պատճառները, բազմիցս ապացուցվեց, որ ոչ ապահով սնուննդն է։