Փարիզի դեպքերի կապակցությամբ Սաուդյան Արաբիայի շեյխերից մեկը հենց խոսեց, միանգամից հիշեցի «մուխաննաթ» բառը, որովհետև «մուխաննաթություն» է բերանով ցավակցելը, իսկ տակից՝ երկու ձեռքով ահաբեկիչներին աջակցելը:
Բառը կա ոչ միայն հայերենում, այլև արաբերենում, պարսկերենում, ադրբեջաներենում և թուրքերենում՝ արաբ.՝ مخنث [muxannaθ] «կանացիակերպ, իգացյալ», պրսկ.՝ مخنث [moxannas] «սեռական իմաստով անկարող, կանացիակերպ տղամարդ, իգացյալ, վախկոտ», ադրբ.՝ müxənnəs «փոքրոգի, վախկոտ», թուրք.՝ muhannet (բարբառային արտասանությամբ` muxannät) «տմարդի, ստոր» և հանգում է արաբական خنث [xnθ] «կանացիակերպ լինել, իրեն կնոջ պես պահել» արմատին:
Հայերենում բառը հայտնվել է թուրքերենի միջոցով, ինչի մասին վկայում է թե՛ դրա իմաստը, թե՛ նաև հնչյունական տեսքը:
Դե, ինչ, բառի ծագումն իմացանք, մնաց՝ Աստված մուխաննաթ մարդկանցից բոլորիս հեռու պահի:
Վարդան Ոսկանյան