Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությունը մանկապարտեզներին ներմուծված թռչնամսի մատակարարման վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների կողմից կազմակերպվող ձեռքբերման գործընթացների համաձայն մատակարարվել է բացառապես «Արաքս» և «Բաղրամյանի» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված թռչնամիս:
«Ապահովելով կենդանական ծագման մթերքի անվտանգության կանոնները, Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներին մատակարարվում է միայն սպանդանոցային ծագման միս և մսամթերք: Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի վերահսկողության և հանրակրթության վարչությունները պարբերաբար ուսումնասիրություններ են կատարել և շարունակում են կատարել՝ մանկապարտեզներում մատակարարվող սննդի կազմակերպման գործընթացի վերաբերյալ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: