Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկի նախագահի նոր տեղակալի աշխատավարձը կկազմի տարեկան կտրվածքով 25 միլիոն դրամ, ինչն ամսական կազմելու է 2 միլիոն դրամ:

Նա մասնավորապես ասաց. «Հնարավո՞ր է, որ այդ 25 միլիոն դրամը, որը գնալու է ԿԲ նոր տեղակալի աշխատավարձի համար, տրամադրվի օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, հաշմանդամի ու սոցիալապես անապահովների՝ թվով 500 մարդու համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտության համար»:

Ի պատասխան ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց. «Մեր աշխատավարձերը օրենքով են ֆիքսված: Լինելով Կենտրոնական բանկ, մենք ունենք նաև տարբեր հաշիվներ: Կան ավանդային հաշիվներ, մեր աշխատավարձերի մի մասը գնում է դրանց, հետո աշխատողը ծախսում է: Միջինից ցածր տոկոսադրույք է, բայց այդպես է, բնորոշ է կենտրոնական բանկերին և այստեղից ևս եկամուտներ ունեն մեր աշխատակիցները»:

Այնուամենայնիվ Տիգրան Ուրիխանյանը պնդեց՝ «Ախր հիմա տեսեք՝ ինչ է ստացվում: Հարցը պետական միջոցների մասին է: Պետական փողը պետք է տնտեսել, պետության փողերը սուղ են: Կարմիր թելի պես տանում են առողջապահության համար անհրաժեշտ առկա գումարների հարցը ու մեր ժողովուրդը լսում ու տեսնում է, թե մի հարգարժան պաշտոնյա ասում է՝ թե ինչ բիզնեսից եք խոսում, իմ բիզնեսը մեծ է, դուք ասում եք, թե աշխատավարձը համարժեք է: Երկրի նախագահից, վարչապետից ավելի բարձր աշխատավարձ ունի ձեր տեղակալը, այս սովի պայմաններում»: