«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը սոցիալական վիճակը բարելավելու կամ քաղաքացիների շահերին վնասող գործընթացը կասեցնելու խոստում է տալիս, անմիջապես կասկածներ են հնչում, որ նա հերթական անգամ որոշել է հանրությանը խաբել ժամանակ շահելու նպատակով: Սերժ Սարգսյանի հայտարարությունների նկատմամբ նման կասկածամտությունն ամենևին էլ պատահական չէ և պայմանավորված է վերջինիս գործունեությամբ: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանն իշխանական բուրգի առաջին դեմքը դառնալուց հետո անցած ութ տարիների ընթացքում Հայաստանի բնակչության սոցիալական խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք բոլորն էլ հետագայում սուտ են դուրս եկել:
Ուստի, երբ այս տարվա հունիսի երկրորդ կեսին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ՀՀ կառավարությունը խոստացավ փոխհատուցել թանկացումը, ակնհայտ էր, որ այս մի խոստումը ևս կեղծ է դուրս գալու: Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ՀՀ իշխանությունները հերթական անգամ խաբեցին Հայաստանի հանրությանը: Սակայն այդ փաստն առավել ակնհայտ կդառնա դեկտեմբերի կեսերին, երբ մարդիկ կստանան կոմունալ ծառայությունների և մասնավորապես՝ էլէներգիայի վարձավճարների նոյեմբերի հաշիվները: Ինչպես հայտնի է՝ կառավարությունը փոխհատուցելու է մինչև 250 ԿՎտ էլէներգիա սպառող բնակչության էլէներգիայի սակագնի բարձրացումը: Եվ ստացվում է, որ նոյեմբերի սկզբից ջերմաստիճանի կտրուկ անկման արդյունքում մարդիկ պետք է սառեն, որպեսզի կառավարության փոխհատուցումից օգտվեն: Մի խոսքով` Սերժ Սարգսյանի սին խոստումների շարանում կարող ենք ավելացնել ևս մեկը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: